Հ. Աբրահամյանը պատախանել է Նալբանդյան 106/1-ի բնակիչներին
06/06/2012 18:39

Հ. Աբրահամյանը պատախանել է Նալբանդյան 106/1-ի բնակիչներին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է  Նալբանդյան 106/1-ի բնակիչների` իրեն հասցեագրված բաց նամակին, որը տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում.

«Երևանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների հարգելի բնակիչներ, ի պատասխան ինձ հասցեագրված ձեր բաց նամակի նախ ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ, անկախ հնչող տեսակետներից և տարածվող ստահոդ լուրերից, ես որևէ առնչություն չունեմ ձեր նշած հասցեում կատարվող ոչ շինարարության, ոչ էլ այն իրականացնող ընկերության հետ: Կիսելով ձեր մտահոգությունները` հայտնեմ, որ ձեր նամակի մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրանում բարձրացված խնդրի շուրջ հանգամանալից զրուցել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ձեր ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը և ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:

Իմ կողմից հավաստիացնում եմ, որ հետևելու եմ իրադարձությունների զարգացմանը»,- մասնավորապես ասված է նամակում:
Հիշեցնենք, Նալբանդյան 106-ի շրջակա շենքերի՝ Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների մի խումբ բնակիչներ նախօրեին հանդես էին եկել բաց նամակով, որը մեջբերում ենք.
«Հարգելի պարոն Աբրահամյան

Թույլ տվեք շնորհավորել ձեզ ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Խորհրդարանում դուք նշեցիք, որ արդարությունը չի մեռնում: Ձեր այս համոզմունքից ոգևորված, դիմում ենք Ձեզ` մեզ հուզող խնդրում ևս արդարության հաղթանակի գործում Ձեր աջակցության ակնկալիքով:

Թեև բազմիցս հերքել եք Նալբանդյան 106/1 հասցեում նախատեսվող էլիտար կառուցապատման ծրագրին Ձեր առնչության փաստը, սակայն այս մասին լուրերը շարունակում են համառորեն շրջանառվել: Դրանց համար հիմք դարձավ նաև այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ տևած դադարից հետո շինարարության նախապատրաստման աշխատանքները վերսկսվեցին` ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր թեկնածության առաջադրման մասին տեղեկությունները տարածվելուց անմիջապես հետո: Այս ակտիվացման արդյունքում հատվեցին մոտ երկու տասնյակ կենսունակ ծառեր, առանց հաստատված նախագծի առկայության սկսվեցին շենքի հիմքի փորման աշխատանքները:

Թեև որպես տարածքի սեփականատեր և կառուցապատող է հանդես գալիս մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը, կասկած չի հարուցում այն փաստը, որ Երևանի կենտրոնում նման տարածք ձեռք բերելու համար ցանկացած գործարար պետք է որ օգտվի ներքին հզոր աջակցությունից, ինչը ևս հիմք է տալիս Ձեզ վարկաբեկող լուրերի տարածման համար:
Պարոն Աբրահամյան, մենք` հարակից շենքերի բնակիչներս, հիմք չունենք չհավատալու Ձեզ նման համբավ ունեցող պետական գործչի հայտարարույթուններին: Սակայն կարծում ենք, որ չար լեզուները լռեցնելու ամենակարճ ճանապարհը կլինի Ձեր աջակցությունը մեզ հուզող հարցի լուծմանը: Երկրորդ տարին է պայքարելով մեր երեխաների անվտանգ և առողջ կենսամիջավայրի համար, մենք անընդհատ բախվում ենք այս հարցը լուծելու իրավասություն ունեցող պետական մարմինների անտարբերությանը:

Մինչդեռ ցանկության դեպքում հարցը կարելի է լուծել` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Մենք առաջարկում ենք վերականգնել քանդված մանկապարտեզը և ևս 1-2 հարկ կառուցել` բակում առկա մասնավոր տների բնակիչների համար: Մնացած տարածքը հարկ է վերադարձնել հանրությանը և այստեղ հանգստի գոտի ստեղծել: Ինչ վերաբերում է տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի ֆինանսական կորուստներին, ապա կարծում ենք, որ պատկան մարմինները կարող են դրանք փոխհատուցել `մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս նրանց համարժեք տարածք տրամադրելով:

Սա համահունչ կլինի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն խոստմանը, որ քաղաքաշինական խոշոր բոլոր նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները Կենտրոնից տեղափոխվելու են վարչական այլ շրջաններ:
Անսալով երկրի նախագահի կողմից ղեկավարվող կուսակցության կարգախոսին, մենք հավատում ենք այն դրական փոփոխություններին, որոնց պարագայում հասարակության շահը իսկապես գերակա կդառնա և կգերադասվի խոշոր բիզնեսի շահերից»:
 

Հ. Աբրահամյանը պատախանել է Նալբանդյան 106/1-ի բնակիչներին