«Ի վերջո, հայկական կողմն ավելի նպաստավոր դիրքեր պետք է գրավի»
06/06/2012 15:53

«Ի վերջո, հայկական կողմն ավելի նպաստավոր դիրքեր պետք է գրավի»

Հայկական գյուղերի վրա ադրբեջանական գրոհները վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել։ Ադրբեջանական հենակետերի բարձր ու նպաստավոր դիրքի պայմաններում հայկական գյուղերը թշնամու համար դարձել են թիրախ։ Տեղի բնակչության կարծիքով խաղաղ ապրելու համար մեկ ելք կա՝ գրավել թնամու հենակետերը։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, պատասխանելով Aysor.am- ի լրագրողի այն հարցին, թե ինչքանով է իրատեսական նման հանգուցալուծումը` ասաց. «Համամիտ եմ, որ ելքն ի վերջո այն է, որ հայկական կողմը ավելի նպաստավոր դիրքեր գրավի և կասեցնի ադրբեջանական կողմի գրոհները հայկական գյուղերի վրա։ Սակայն, այդ որոշումը չպետք է կայացվի զուտ իմպուլսիվ ու հուզական մղումներից ելնելով»։

Դ. Ջամալյանն ընդգծեց, որ Տավուշի մարզում հայկական 22 գյուղ կա, որոնք «առաջին գծում են, հենակետերին շատ մոտիկ են», ու եթե մեկ հենակետ գրավվի, մյուս 21 գյուղերը կդառնան կրակի թիրախ։

Փորձագետը նշեց, որ նման հանգուցալուծման համար նախ՝ պետք է միաժամանակ, ամբողջ ֆրոնտով այդ գործողությունը կատարվի, բացի այդ, դրա համար առավել նպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումներ են անհրաժեշտ։

Աշխարհաքաղաքական հիմնական պայմանը, Դ. Ջամալյանի կարծիքով, կարող է լինել այն, որ հայկական կողմի նման գործողության արդյունքում խնդիրը չհասնի մեծ պատերազմի, որ այդ մեծ գործողության արդյունքում Հայաստանը դիվանագիտական առումով խոցելի չդառնա։

«Միջազգային իրավունքի դիրքերից՝ չենք դառնա։ Որովհետև, եթե ՀՀ տարածքի վրա կրակ են արձակում, երբ մանկապարտեզը դառնում է թիրախ, երբ այդ նույն մարդասիրական իրավունքը թշնամին խախտում է, մենք պաշտպանվելու մեր իրավունքն ենք իրացնում։ Բայց ամեն ինչ չի աշխարհում, որ զուտ միջազգային իրավունքով է կարգավորվում։ Քաղաքական կոնտեքստը պետք է մեզ հուշի՝ անե՞լ դա, թե՝ ոչ»։

Դ. Ջամալյանը նշեց նաև, որ հիմա Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի։ Ու համաձայն չէ այն կարծիքին, որ եթե փոխհրաձգություն է տեղի ունենում, բանը կարող է հասնել «սպոնտան» պատերազմի։ Փորձագետի կարծիքով, այսօրվա պատերազմի տրամաբանությունն այն է, որ քաղաքական որոշում կայացվի, պատրվակ որոնվի ու ամբողջ ռեսուրսով թշնամուն հանկարծակիի բերելով հասնել նպատակին։ «Եղել եմ տեղում, տեսել եմ. ելքը դա է։ Որովհետև, եթե այսօր լռեցնում ենք հենակետերից մեկը, դա չի նշանակում, որ վաղն այնտեղից նորից չեն կրակի։ Ելքը դա է։ Վաղ թե ուշ պետք է անենք դա»։
 

«Ի վերջո, հայկական կողմն ավելի նպաստավոր դիրքեր պետք է գրավի»