ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը
06/06/2012 19:22

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ միանում է Ինտերնետային ծառայությունների առաջատար մատակարարների, ցանցային սարքավորումներ արտադրողների և ցանցային ընկերությունների նախաձեռնությանը` այսօրվանից սկսելով օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը:

Բոլոր վեբ և փոստային ծառայությունները այսուհետ մշտապես հասանելի կլինեն ինչպես IPv4, այնպես նաև, IPv6 արձանագրություններով:

IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային նախաձեռնությունը համացանցի պատմության մեջ ամենամասշտաբային սերնդափոխությունն է: Քայլը առանցքային նշանակություն կունենա համացանցի զարգացման ոլորտում:

1981-ից գործող IPv4 ինտերնետ արձանագրությունն այլևս չի համապատասխանում մերօրյա պահանջներին, քանի որ IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառված են: Ինտերնետի արագ աճին զուգընթաց ի հայտ են եկել նոր` IPv6, ինտերնետ արձանագրության ստեղծման անհրաժեշտությունը, որն ընձեռում է ավելի շատ IP հասցեներ տրամադրելու և հետևաբար` համացանցին ավելի շատ թվով սարքեր միացնելու հնարավորություն:

Ի տարբերություն IPv4-ի, IPv6-ի կարևորագույն առանձնահատկություններից է հասցեների առավել ընդլայնված տարածքը: Մասնավորապես`IPv4 ինտերնետ արձանագրությունն օգտագործում է հասցեների 32-բիթանոց ձևաչափ, կամ, այլ կերպ ասած` ապահովում է ավելի քան 4 մլրդ եզակի IP հասցե, իսկ 1995թ.-ից` IPv4 արձանագրությանը զուգահեռ գործող IPv6 արձանագրությունն օգտագործում է հասցեների 128-բիթանոց ձևաչափ և համապատասխանաբար` ապահովում է 340 տրլն տրիլիոն տրիլիոն եզակի հասցե:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից հաղորդել են, որ IPv6-ի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ավելի մեծ թվով անհատական IP հասցեներ ապահովելու անհրաժեշտությամբ` հաշվի առնելով ինտերնետին միացման համար օգտագործվող սարքերի` անհատական համակարգիչների, բջջային հեռախոսների և բազմապիսի այլ սարքերի օրեցօր աճող թիվը:

Բջջային հաղորդակցության շուկայում առաջատարի ղեկը ստանձնած ՎիվաՍել-ՄՏՍ-ը տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճ է արձանագրում, և մեծ կարևորություն է տալիս IPv6 ինտերնետ արձանագրության ներդրմանը:
IPv6-ը հասանելի կլինի ավտոմատ կերպով` IPv4-ին զուգահեռ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքը` www.vivacell.am աշխատում է թե՛ IPv4 և թե՛ IPv6 ինտերնետ արձանագրություններով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը