.jpg)
Երեք աշխատանք` Ապարանի ջրատարի վրա
Որպեսզի սպառողներին պատճառվող անհանգստությունը նվազագույնի հասցվի, «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի մասնագետները այսօր «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարի վրա միաժամանակ երեք տարբեր աշխատանքներ էին իրականացնում:
Այսպես, Աշտարակի խճուղուն հարող տարածքում նրանք ջրատարի վրա, առանց վերջինիս աշխատանքը դադարեցնելու, փոխարինում էին վթարված փականը, քիչ հեռու` վերանորոգում էին ջրաբաշխիչ հանգույցը, իսկ «Դավթաշեն վերին» օրվա կարգավորման ջրամբարի մոտ` ընդլայնում էին դիտահորը և ճնշման կարգավորիչ տեղադրում:
«Երևան Ջուր» ՓԲԸ-ի մամլո ծառայությունից հաղորդում են, որ ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանի` առաջին դեպքում իրենք հնարավորություն են ստանում կարգավորել ջրի հոսքը մայր ջրատարով, երկրորդ դեպքում` ամրացնել ջրաբաշիչ հանգույցը և խուսափել լուրջ վթարից, իսկ ճնշման կարգավորիչը կարևոր է Դավթաշեն գյուղի ու հարակից տարածքների ջրամատակարարման կայունության համար:
Այսուհետ նրանց մատակարարվող ջրի ճնշումը կկարգավորվի ինքնաշխատ ռեժիմով. սպառման ծավալների հետ կապված, կավելանա կամ կպակասի խողովակով հոսող ջրի քանակը, տեղամասին ազատելով ճնշման կարգավորման հոգսերից, իսկ բնակիչներին ապահովելով կայուն ջրամատակարարմամբ: