.jpg)
Հարյուր մետր չորեքթաթ` խողովակի միջով
Այսօր «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի աշխատակիցները վերանորոգում էին «Մսի կոմբինատ» օրվա կարգավորման ջրամբարից դեպի Շենգավիթ ձգվող 1200մմ տրամագծով ջրատարը: Սակայն լուսանկարել աշխատանքների ընթացքը հնարավոր եղավ միայն մասամբ:
Ըստ տեղամասի արտադրատեխնիկական բաժնի պետ Սերգեյ Մուրադյանի, մեծ դժվարությամբ է հաջողվել հայտնաբերել վթարի վայրը: Անցած տասնամյակների ընթացքում ջրատարի վրա հողի մեծ լիցք էր կատարվել, նաև կառուցվել էր երկաթուղային պաստառ, ինչն անգամ ժամանակակից հզոր էքսկավատորին իր 6 մետրանոց շերեփով թույլ չէր տալիս փորել-հասնել ջրագծին:
Մինչդեռ ջուրը շարունակում էր արտահոսել և հեղեղել ոչ միայն փողոցը, այլև հարակից հիմնարկ-ձեռնարկությունների տարածքները:
Ի վերջո խողովակափնտրիչ սարքի միջոցով հնարավոր է դարձել պարզել ջրատարի ամենաբարձր հատվածը և հողի վերին շերտը բացել:
Հետո … Հետո գտնվել է խնդրի միակ լուծումը: Խողովակի վրա մեծ անցք է բացվել, որի միջով եռակցողները պահանջվող սարքավորումներով հանդերձ չորեքթաթ անցել են մոտ 100 մետր ու պարզել, որ բացվել է ջրատարի կարը` 50-60սմ երկարությամբ:
Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր: Եթե, իհարկե, չհաշվենք խիստ նեղվածքը, օդի պակասությունը և եռակցումից առաջացող տաքությունը: Լուսանկարել այդ ամենը պարզապես հնարավոր չէր:
Այնպես որ Շենգավիթի բնակիչները վաղը կեսօրի մոտ, ինչպես և խոստացվել էր, կունենան ջուր: Իսկ ընկերության աշխատակիցների կատարած դժվարին աշխատանքի մասին կմնա վկայող միայն մի քանի լուսանկար:
Այս մասին հաղորդում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ի մամլո ծառայությունից: