18/06/2012 15:51
Վերաքննիչը մերժեց Մ.Ենոքյանի բողոքն ընդդեմ Ռ.Քոչարյանի հրամանագրի
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի բողոքը ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թ. հրամանագրի, որով նա մահապատժի դատապարտված 42 անձանց ներում է շնորհել և նրանց պատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ:
Մ. Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով, իրենք պատրաստվում են վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարան, իսկ հաջողության չհասնելու դեպքում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Ըստ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996թ. նոյեմբերի 29-ի դատավճռից քաղվածքի, 1996թ. հուլիսի 12-ին, Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20.000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ աննկատ կերպով բացովի բանալիով (разводной ключ) հարվածներ է հասցրել Իոսիֆ Աղաջանովի գլխին, որից հետո նաև դանակով նրա կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆ Աղաջանովի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակաված նյարդերը): Ստացված վնասվածքներից Իոսիֆ Աղաջանովը մահացել է:
Այնուհետև Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել են հողածածք ճանապարհի եզրով կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով, այսինքն շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:
Նախաքննության և դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը տվել են իրարամերժ ցուցմունքներ:
Մասնավորապես, Մհեր Ենոքյանը պնդել է, որ Իոսիֆ Աղաջանովը և Արամ Հարությունյանը վիճաբանել են, այնուհետև կռվել են, իսկ ինքը փորձել է նրանց բաժանել և այդ ընթացքում բացովի բանալիով (ռազվոդնոյ կլյուչ) մի քանի անգամ հարվածել է Իոսիֆ Աղաջանովին:
Արամ Հարությունյանը պնդել է, որ երկար ժամանակ եղել է իր համադասարանցու եղբոր Մհեր Ենոքյանի ազդեցության տակ և գնացել է հանցագործության կատարման վերջինիս դրդմամբ:
Դատարանի դատավճռով Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, իսկ Արամ Հարությունյանը 15 տարվա ազատազրկման և արդեն մեկ տարի է, ազատության մեջ է: