.jpg)
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ
Այսօր Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց 2012 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:
Վերջինիս նպատակն է ապահովել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը, հասանելի և կայուն դարձնել ծառայությունների մատուցումը, նորոգել, փոխարինել և ընդլայնել ծրագրի շրջանակներում ընդգրկված 18 քաղաքում և 92 գյուղական համայնքում ջրամատակարարման բաշխիչ ցանցերը:
Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ ըստ համաձայնագրի` վարկի տրամադրման ժամկետը 32 տարի է. ծրագիրը ենթադրվում է ավարտել մինչև 2017 թվականի ապրիլի 30-ը:
Քննարկված համաձայնագրին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: Այդ մասին հաղորդել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: