Գիտաժողով` նվիրված Հայկական լեռնաշխարհի պատմական ժառանգությանը
20/06/2012 18:33

Գիտաժողով` նվիրված Հայկական լեռնաշխարհի պատմական ժառանգությանը

Հունիսի 25-ին Երևանում կմեկնարկի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել են ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Արցախի Պետական համալսարանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը։

Գիտաժողովը կավարտվի հունիսի 30-ին՝ Ստեփանակերտում։ Այն ընդգրկում է հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությանն առնչվող պատմական, հնագիտական, ազգագրական, արվեստի, ճարտարապետության, թանգարանագիտական ոլորտի հարցեր, դրանց նորովի լուծումների ուղղություններ։

Միջազգային գիտաժողվի 90-ից ավելի զեկուցողների թվում նաև 12 օտարերկրացի հեղինակավոր գիտնականներ են Ռուսաստանից, Միացյալ նահանգներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ուկրաինայից։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հողորդել են, որ նպատակն է հնարավորինս ընդգրկուն ներկայացնել հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության դերը տարածաշրջանի պատմական գործընթացների ձևավորման և զարգացման համակարգում։

Նպաստել պատմագիտության, հայագիտության տարբեր ոլորտների մասնագետների գիտական և գործնական կապերի հետագա ընդլայնմանը, խորացմանը, մշակել ժամանակակից մարտահրավերներին համապատասխան գիտականորեն հիմնավորված մոտեցումներ գործողությունների միասնական պլանի և ռազամավարական ծրագրերի նախապատրաստման համար։ Նախատեսվում է գիտաժողովը եթեր հեռարձակել օն-լայն ռեժիմով։
 

Գիտաժողով` նվիրված Հայկական լեռնաշխարհի պատմական ժառանգությանը