20/06/2012 19:29
ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ
ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Սամվել Բալասանյանի նախագահությամբ հունիսի 20-ի նիստում քննարկեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նախաձեռնությունը հիմնավորեց ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետևանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խորանարդ մետր:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաղորդել են, որ քննարկելով Սևանա լճից լրացուցիչ ծավալով ոռոգման նպատակով ջրի բացթողման հարցը՝ հանձնաժողովն առաջարկեց հաշվարկները ներկայացնել տեղեկանքի տեսքով՝ առավել հիմնավոր պատկեր ունենալու համար:
Միաժամանակ, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ հարցը քննարկվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ, և եկել են այն եզրակացության, որ սակավաջրության խնդիրն իսկապես արդիական է: Նրա խոսքով, սակայն, պետք է անպայման շեշտել «մինչև 320 մլն խորանարդ մետր» ծավալը, քանի որ չի բացառվում ՝ հնարավոր լինի բավարարվել ավելի քիչ քանակությամբ:
Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն:
ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստի օրակարգի առաջին կետով հաստատեց հանձնաժողովի կանոնակարգը: