20/06/2012 16:02
ՍԹԱՐ-ն ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» նախագիծը
Այսօր ՍԹԱՐ առևտրային ցանցը Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ներկայացրեց «Միասին օգնենք երեխաներին» ակցիայի արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաշվետվություն և հիմնադրամին փոխանցեց 3 752 156 դրամ:
Հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը` ՍԹԱՐ առևտրային ցանցն այս տարի ևս իրականացրեց «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան, որը հանդիսանում է ՍԹԱՐ-ի ԿՍՊ հիմնական ուղղությունը:
Ակցիայի միջոցով ՍԹԱՐ-ն իրականացրեց դրամահավաք` նպատակ ունենալով աջակցել Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկներին:
«Պատահական չէ, որ այս ակցիան դարձել է մեր ԿՍՊ ծրագրի կարևոր մասը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել այս ակցիայի միջոցով ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունն ուղղել այս հարցին` միևնույն ժամանակ քարոզելով, որ յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքր մասնակցությամբ փրկել բազմաթիվ կյանքեր:
Չպետք է մոռանալ, որ այս փոքրիկները հանդիսանում են մեր հասարակության անդամ և մեր ազգի ապագան»,- մեկնաբանեց ՍԹԱՐ առևտրային ցանցի անդմինիստրատիվ և զարգացման բաժնի տնօրեն Արմեն Պողոսյանը:
«ՍԹԱՐ» առևտրային ցանցի մամլո ծառայությունից հաղորդել են, որ ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս նախագծին իրենց ներդրումն ունեցան ՍԹԱՐ առևտրային ցանցի գործընկերներն ու մատակարարները` մասնավորապես Էյ Ջի Պրինտ, Կոկա Կոլա, Աշտարակ Կաթ, Թամարա, Ավշարի Գինու Գործարան, Պիկանտ Համ, Ինվեստ -Ինտորգ, Բեկոն Պրոդուկտ, Աստի Թրեյդինգ, Կիլիկիա, Սելենա Սերվիս և մի շարք այլ ընկերություններ:
Համատեղ ուժերով հիմնադրամի օգտին հավաքվեց 3 752 156 դրամ, որից 901 156 հավաքագրվել է խանութներում տեղադրված արկղերի միջոցով, 1 420 000` մատակարարների և գործընկերների, 431 000` ընկերության աշխատակիցների, 1մլնը` փոխանցվեց ՍԹԱՐ ընկերության կողմից:
«Մեր հավատարիմ բարեկամ ՍԹԱՐ-ի` արդեն ավանդույթ դարձած բարեգործական ակցիաների շնորհիվ, դեղորայք և որոշակի բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել: Շնորհակալ ենք ՍԹԱՐ-ին և բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ուշադրության և հոգածության ներքո են պահում Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկներին: Նրանք իրենց մարդասիրական գործունեությամբ նպաստում են այս երեխաների բուժմանը»,- նշեց Հայստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանը:
Այս տարի նախագիծն իրականացվել է ՍԹԱՐ առևտրային ցանցի 27 խանութներում հատուկ արկղերի տեղադրմամբ, ինչպես նաև ընկերության ֆեյսբուքի էջում: Ստեղծվեց հատուկ բաժին «Ուզում եմ ապրել», որի միջոցով սոցիալական ցանցի օգտատերերը կարողացան աջակցել հիմնադրամին` պարզապես թողնելով քաջալերող հաղորդագրություն հիմնադրամի մանուկներին:
Յուրաքանչյուր հաղորդագրության համար ՍԹԱՐ-ը պետք է հիմնադրամին փոխանցեր 50 դրամ: Նախագծի շրջանակում հաշվառվեց շուրջ 2000 հաղորդագրություն, ինչը կազմեց 100 000 դրամ: Այս ցուցանիշը ՍԹԱՐ-ը բազմապաատկեց 10 անգամ, և ստացվեց 1000 000 դրամ: