20/06/2012 19:06
«Այս վիճակից դուրս գալու միակ ձևն անկեղծությունն է»
ՀՀ խորհրդարանում շարունակվում է կառավարության ներկայացրած տնտեսական ծրագրի քննարկումը։
ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը քննարկումից այն տպավորությունն է ստացել, կարծես մրցակցություն է սկսվել ներկայացնելու, թե երբ էր ավելի վատ` առաջին, երկրորդ, թե՝ երրորդ նախագահների, կամ կառավարությունների դեպքում։
Վ. Հովհաննիսյանի կարծիքով՝ դա ընդամենը սեմինարի թեմա է։ Իսկ հիմա, խորհրդարանում պետք է խոսել այն մասին, թե «տնտեսության, ժողովրդի այս վիճակի համար ով է պատասխանատու՝ կառավարությո՞ւնը, թե՞ ուրիշ մեկը»։
«Կարծում եմ, որ մեր կառավարությունը վարագույր է ծառայում ինչ-որ ուրիշ ուժերի, մարզային մակարդակով ինչ-որ ցեղախմբերի համար, օլիգարխիկ ուժերի, ինչ-որ ուժերի, որոնց ներկայացուցիչները կան այս դահլիճում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս իրավիճակում կառավարությունից պետք չէ պահանջել այն, ինչ ինքը չի կարող անել։
Վ. Հովհաննիսյանի կարծիքով, այս վիճակից դուրս գալու միակ ձևն անկեղծությունն է, որն առաժմ խորհրդարանի դահլիճում չկա։
Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրի շուրջ ելույթի համար այս պահին հերթագրվել է 48 պատգամավոր։
Քննարկումը կշարունակվի նաև ԱԺ վաղվա նիստում։