.jpg)
Ավետյանի հանդեպ որևէ բժշկական միջամտություն չի իրականացվում
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Aysor.am-ի թղթակցին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից, որտեղ նա պառկած է, հայտնեցին, որ այլևս որևէ բժշկական միջամտություն չի արվում, սպասում են հիվանդի դիմադրողականության բարձրացմանը: «Հայտնի չէ, թե ինչքան նա կգտնվի այս վիճակում, մարդիկ կան, որ 5-6 տարի են մնում այսպես»,- ասաց նա:
Նրանց հավաստմամբ` մյուս երկու հոսպիտալացվածների վիճակը կայուն ծանր է:
Տուժածներին մոտ կանգնած աղբյուրի հավաստմամբ` վիճաբանության պատճառը կին է եղել, ոչ թե նախապես հրապարակված` մատուցողի և տուժածների` հագուստի հետ կապված վարկածը:
ՀՀ ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ այս պահի դրությամբ հարցաքննվել է 4 տուժող, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին` ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծկռտուք է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ու նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանն են եղել: Նախնական տեղեկություններով, նրանց ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Վահե Ավետյանին գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Հարուցվել է քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»): Արդեն ձերբակալվել է «Հարսնաքար» ռեստորանի մենեջերը, անվտանգության 2 աշխատակից, որոնցից մեկը տուժող բժիշկ Վահե Ավետյանին ծեծի ենթարկած Գարիկ Մարգարյանն է, ինչպես նաև մատուցողը:
Ոստիկանությունն հարցաքննել է տուժողներից 4 հոգու: