.jpg)
ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից:
Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին` համատեղ արդյունավետ աշխատանքի և մարզում կառավարության ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացման համար:
Փոխվարչապետը հաջողություն է մաղթել Էդգար Ղազարյանին հետագա գործունեության մեջ` նշելով, որ նա քաջատեղյակ է ոլորտին և մարզի խնդիրներին, իսկ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Ա. Գևորգյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետն իր ներդրումը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր ծրագրերի կյանքի կոչման գործում:
Նորանշանակ մարզպետի ուղեկցությամբ փոխվարչապետն այնուհետև Եղեգնաձորից մեկնել է Ջերմուկ, ծանոթացել այն բազմաբնակարան շենքերի վիճակին, որոնց տանիքների վերանորոգումը նախատեսվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով հատկացված շուրջ 40 մլն դրամով: Զեկուցվել է, որ աշխատանքներն արդեն կմեկնարկեն առաջիկա օրերին:
Տեղում քննարկվել են նաև Ջերմուկի հիմնական կամրջի վերանորոգմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ «Կամուրջշին» ընկերությունը երկշաբաթյա ժամկետում կներկայացնի կամրջի վերանորոգման նախագծանախահաշվային փաթեթը: