«Հարնաքարի» գործով կալանավորվել է 4 հոգի
22/06/2012 20:18

«Հարնաքարի» գործով կալանավորվել է 4 հոգի

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր` հունիսի 22-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքարի» գործով 4 անձանց նկատմամբ:  Aysor.am-ի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքերով` նախաքննությունը շարունակվում է: 

Նշենք, որ երկամսյա կալանավորման որոշում է կայացվել Գարիկ Մարգարյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի և Արթուր Բաբլոյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տևել էր մի քանի ժամ, և Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: 

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ էր ուղարկել ոստիկանություն: Ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին և մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաև անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը և Արման Խաչատրյանը՝ «Կյաժ» մականունով: 

«Հարնաքարի» գործով կալանավորվել է 4 հոգի