Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան
22/06/2012 19:40

Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական միջպետական և միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար և հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին այցելել Հայաստան:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Յոհեն Շմիդթը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին` համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Նա նույնպես կարևորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը և փոխադարձ այցերը ` իբրև հայ-գերմանական հարաբերությունների զարգացման կարևոր գործոն:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 

Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան