ՀՀ-ում սպասվում են դատաիրավական լայնածավալ բարեփոխումներ
22/06/2012 20:30

ՀՀ-ում սպասվում են դատաիրավական լայնածավալ բարեփոխումներ

Հայաստանում դատաիրավական լայնածավալ բարեփոխումներ են սպասվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Հայաստանի Նախագահի մոտ կայացած մի շարք քննարկումներից պարզ դարձավ, որ էպիզոդիկ փոփոխությունները կարող են տալ կարճաժամկետ արդյունք, բայց երկրում անհրաժեշտ են արմատական դատաիրավական բարեփոխումներ»,- ասաց նախարարը:

Ներկայացնելով դատաիրավական համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները` Հ. Թովմասյանը նշեց, որ այս նոր ծրագիրը տարբերվում է նախորդ բարեփոխումներից. «Ծրագիրը մշակվել է ԱՆ-ի կողմից, հետագայում լրամշակվել է ՀՀ նախագահի աշխատակազմում, իսկ երեկ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ այն հավանության է արժանացել»:

Նրա խոսքերով` բարեփոխման ծրագիրն ունի առանձնահատկություններ, որոնցից է, օրինակ, այն, որ ծրագիրը չի սահմանափակվում միայն դատական համակարգի բարեփոխումներով, այլ` փոփոխություններն ունեն լայն ընդգրկում:

«Ցանկացած հասարակության զարգացման գրավականը երկուսն են` տվյալ պետության անվտանգության, պաշտպանության և տվյալ պետության արդարադատության համակարգերը: Իսկ պետությունը կզարգանա, եթե հանրային կյանքը հիմնված լինի արդարության և արդարադատության սկզբունքների վրա»,- ընդգծեց Հ. Թովմասյանը:

Նոր ծրագիրը ներառում է դատարանակազմության խնդիրներ. «Բազմիցս է շահարկվել և քննադատվել, թե ինչ ընթացակարգերով են մարդիկ դառնում դատավոր, դատախազ, քննարկվել է նրանց չափորոշիչների հարցը, ինչպես նաև, թե որ դեպքերում է` դատավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Շատ է քննադատվել գործերի բաշխումը դատավորների միջև, չեմ ժխտում` եղել են կամայականություններ, սակայն դա այն պատճառով էր, որ չկար գործերի բաշխման արդյունավետ մեխանիզմ»,- ասաց Հ. Թովմասյանը: Նա նաև տեղեկացրեց, որ խնդիր կար դատավորների վերապատրաստման առումով, որը, սակայն, շատ շուտով կկարգավորի արդարադատության ակադեմիան:

Նախարարն ընդգծեց, որ արմատական բարեփոխումներ են սպասվում նաև Քրեական օրենսգրքում. ներմուծվելու են նոր պատժատեսակներ` հանրային աշխատանքներ, ինչպես նաև` մի շարք հանցարարքներ ապաքրեականացվելու են:

Նոր փոփոխություններ սպասվում են փաստաբանության, նոտարիատի համակարգերում ևս:

Ամփոփելով իր խոսքը` նախարարը նշեց, որ բարեփոխման ծրագրի նպատակն է` պետական համակարգի արդյունավետության բարձարցումը, որը հետագայում լինելու է ամենալավն ու ամենաարդյունավետ գործողը:

ՀՀ-ում սպասվում են դատաիրավական լայնածավալ բարեփոխումներ