Այսօր բացվել է ԱՄՆ կողմից ՀՀ-ին նվիրած հրաձգարանը
22/06/2012 20:11

Այսօր բացվել է ԱՄՆ կողմից ՀՀ-ին նվիրած հրաձգարանը

Հունիսի 22-ին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես բացել են ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ իրավապահ համակարգին նվիրաբերած նորակառույց հրաձգարանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ժամանակակից կահավորանքով հրաձագարանի երկարությունը 50 մետր է, ունի շարժական թիրախների համակարգ, նաև վարչական գրասենյակներ և ծառայողական տարածք:

Այս նվիրաբերությունը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրի շրջանակում է, որի նպատակը հանցավորության դեմ պայքարում և արդարադատության ոլորտում Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանն աջակցելն է:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ծանոթացել են տեխնիկապես հագեցած հրաձգարանի հնարավորություններին, նաև փորձել են իրենց հմտությունները: Իր շնորհավորական խոսքում ԱՄՆ դեսպանը մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ գտնվել հրաձգարանի բացման արարողությանը: Ձեր ոստիկանները լավ պատրաստված են: ԱՄՆ կառավարությունը ուրախ է օժանդակել Հայաստանի կառավարությանը եւ իրավապահ մարմիններին՝ իրենց կարողությունները հզորացնելու և հմտությունները զարգացնելու գործում»:

Դեսպան Ջոն Հեֆերնը բարձր  է գնահատել ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, դրանցում, մասնավորապես, ընդգծելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի դերակատարումը: «Շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք, որովհետև Ձեր նշանակումից հետո դուք կառուցում եք մի համակարգ, որը նպաստում է կարևոր գործի՝ վստահություն ստեղծել ժողովրդի և ոստիկանության միջև»:

Շնորհակալություն հայտնելով նվիրաբերության համար՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել համագործակցությունը, որում գերակշռողը մարդկային հարաբերություններն են: «Ես շնորհակալ եմ,- ասել է նա,- որ ի սկզբանե ընդունել եք մեր գաղափարները և աջակցել: Մենք ուղղակի մտածում ենք միանման: Մենք ուղղակի ուզում ենք ստեղծել նորմալ, արդար, ազնիվ ոստիկանություն»:

Նշենք, որ հրաձգարանում կարող են մարզվել նաև Հայաստանի իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների աշխատակիցներ: 

Այսօր բացվել է ԱՄՆ կողմից ՀՀ-ին նվիրած հրաձգարանը