«Լրագրողները տարին գոնե մեկ անգամ պետք է գրիչը ինքնաձիգով փոխեն»
22/06/2012 20:28

«Լրագրողները տարին գոնե մեկ անգամ պետք է գրիչը ինքնաձիգով փոխեն»

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված 20 խոշոր միջոցառումների շարքի շրջանակում այսօր եղել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում, որտեղ կազմակերպվել հերթական ռազմահայրենասիրական աննախադեպ միջոցառումը: Միջոցառումն աչքի ընկավ նրանով, որ դրան մասնակցեցին ոչ միայն «Հայոց Արծիվներ»-ի 200 մասնաճյուղերի ղեկավարները` առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, այլև հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը նշել է, որ միջոցառման հիմնական նպատակն է հասարակության, այդ թվում` զինվորների, ենթասպաների, սպաների շրջանում էլ ավելի արժևորել ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը, նրանց գործունեության կարևորությունը, միաժամանակ միշտ ամուր պահել զանգվածային լրատվամիջոցներ-հասարակական կազմակերպություններ-ազգային բանակ համագործակցությունը: «Իսկ մյուս կողմից էլ,-շարունակել է նա, նման միջոցառումների շնորհիվ ԶԼՄ-ները առավել կիրազեկվեն, կծանոթանան զինվորի առօրյային, ինչպես նաև անմիջական մասնակցություն կցուցաբերեն կրակային պատրաստվածության մեջ»:

«Հայոց Արծիվները» և լրագրողները, հյուրընկալվելով սպաներին, ենթասպաներին ու զինվորներին և շնորհավորել նրանց ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում հնարավորություն ստացան կրակելու` յուրաքանչյուր լրագրող ինքնաձիգով կրակել է մինչև 15 փամփուշտ:

Ըստ Խաչիկ Ասրյանի` «ԶԼՄ ներկայացուցիչները առնվազն տարին մեկ անգամ պետք է գրիչը, տեսախցիկը փոխարինեն ինքնաձիգով, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել հայոց պետականության սահմանները»:

Նշենք, որ միջոցառումների շարքը, որը սկսել է «Հայոց Արծիվներ» կազմակերպությունը անցկացվում են ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում: Դրանք տարվում են մի շարք ուղղվածություններով` ռազմահայրենասիրական, մշակութային, սպորտային, բնապահպանական ոլորտներում:

«Լրագրողները տարին գոնե մեկ անգամ պետք է գրիչը ինքնաձիգով փոխեն»