23/06/2012 12:17
«Թուրքիան մասնակցում է Սիրիայի դեմ ուղղված գործողություններին»
«Թուրքիան այս կամ այն ձևով վաղուց մասնակցում է Սիրիայի դեմ ուղղված գործողություններին, իսկ այդ խոցումը լավ դաս կլինի թուրքական կողմին»,-Aysor.am-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայի հակաօդային ուժերի կողմից թուրքական F-4 կործանիչի խոցման հանգամանքին և հետագա զարգացումներին` ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, Արևմուտքը և այլ ուժեր արդեն իսկ հայտարարում են, որ վերջնականապես որոշել են Սիրիայի ճակատագիրը և այդ դեպքը կարելի է դիտարկել այդ ենթատեքստում:
Ռազմական փորձագետը նշեց, որ թուրքական կողմն այդ քայլով ստուգում էր նաև սիրիական զինված ուժերի զգոնության աստիճանը, սակայն հնարավոր է հաջորդ անգամ այդ ինքնաթիռները և չհայտնաբերվեն սիրիական ուժերի կողմից կամ ձեռնարկվեն այլ տիպի քայլեր:
Նրա խոսքերով, հատուկ ծառայությունների և հատուկ ջոկատայինների կողմից Սիրիայում արդեն շատ լուրջ բջիջներ են դրվել, որոնք ակտիվորեն գործում են Սիրիայի ներսում:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այսօր Սիրիայում հրահրման շատ լուրջ գործողություններ են ձեռնարկվում և այդ ինքնաթիռի հետ կապված դեպքը այդ գործողության օղակներից մեկն է:
Անդրադառնալով սիրիական բանակի վիճակին և մարտունակությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ Սիրիայի բանակը, զինված ուժերը հնարավորություն ունեն, շատ լավ պատրաստ են արձագանքել այդպիսի միջադեպերի, քանի որ Սիրիայի ԶՈւ-ն ունի խորհրդային, ռուսական շատ լուրջ սպառազինություններ:
Ռազմական փորձագետը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք այդ միջադեպը լայնածավալ պատերազմի համար պատրվակ հանդիսանա՝ նշեց, որ չի կարծում, որ հենց այդ ինքնաթիռի հետ կապված դեպքը հանգեցնի լայնածավալ պատերազմի, իսկ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի շատ կապ ունի կիրառվող քաղաքական զսպանակների գործոնի հետ: