Փոխվարչապետն այցելել է Տավուշի մարզ
26/06/2012 20:16

Փոխվարչապետն այցելել է Տավուշի մարզ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` ծանոթանալու համար մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելել է Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններ: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով մարզին հատկացված 632 մլն դրամով Բերդի տարածաշրջանում իրականացվել են շուրջ 115 մլն դրամի, Նոյեմբերյանի տարածաշրջանում` 136 մլն դրամի աշխատանքներ: Հիմնականում վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, միջհամայնքային ճանապարհներ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:

Ծրագրի երրորդ փուլով Բերդի տարածաշրջանում կիրականացվեն 159 մլն դրամի, Նոյեմբերյանի տարածաշրջանում` 118 մլն դրամի աշխատանքներ:

Փոխվարչապետը Բերդում շրջայց է կատարել 2-րդ մանկապարտեզի շենքում, որի վերանորոգման համար երրորդ փուլով տրամադրվել է 41 մլն դրամ, եւս 130 մլն դրամ էլ կհատկացնի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը` աշխատանքներն ավարտելու համար: Ա. Գևորգյանը եղել է նաև Մայր Աթոռի, համայնքի և բարերարների միջոցներով Բերդում կառուցվող եկեղեցու շինհրապարակում: Փոխվարչապետին ներկայացվել է շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում:

Ա. Գևորգյանը Նորաշեն և Այգեհովիտ համայնքներում ծանոթացել է նաև դպրոցների շենքային պայմաններին, որոնց նորոգումը նախատեսվում է ծրագրի երրորդ փուլով: Զեկուցվել է, որ երրորդ փուլով շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:

Փոխվարչապետը կանգ է առել Կիրանց համայնքում, շրջայց կատարել համայնքային կենտրոնում, որի կառուցումն իրականացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին փուլով: Նա դժգոհություն է հայտնել կատարված աշխատանքների որակից և մարզպետի ուշադրությունը հրավիրեց թերությունների վրա` հանձնարարելով դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում իրականացվող Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր-Բերդ-Նավուր-Իծաքար ավտոճանապարհի վերանորոգման ընթացքին: Փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են համաձայն ժամանակացույցի, ավարտը նախատեսվում է աշնանը: Կվերանորոգվի ընդհանուր 43 կմ երկարությամբ ճանապարհ, որը նշված գյուղերը կկապի տարածաշրջանային կենտրոնի` Բերդի հետ:

Ա. Գևորգյանը ծանոթացել է նաև Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ճանապարհի 82 կմ-ում, Այրումի մոտ, փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին: Սողանքի հետեւանքով փլուզված ճանապարհի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել էր 550 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում` հուլիսի կեսերին: Զեկուցվել է նաև, որ վերականգնվել է և արդեն մեկ շաբաթ է, ինչ գործում է ինքնահոս համակարգը, որը ևս վնասվել էր սողանքի հետևանքով:

Բերդում և Այրումում փոխվարչապետը խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում անդրադարձ է եղել իրականացվող ծրագրերին, քննարկվել են ընթացիկ խնդիրներ:
Համայնքապետերը, մասնավորապես, բարձրացրել են բերքի իրացման խնդիրը, անհանգստություն հայտնել մթերվող կաթի ցածր գնի առնչությամբ: Այրումում համայնքապետերը ոռոգման ցանցի ընդլայնման առաջարկություն են ներկայացրել, ինչը թույլ կտա ավելացնել ոռոգելի տարածքները: Մտահոգություն է հնչել նաև Այրումի հէկ-ի աշխատանքի պատճառով ոռոգման ջրի ծավալների նվազման առնչությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն շահագրգիռ մարմինների հետ:

Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
 

Փոխվարչապետն այցելել է Տավուշի մարզ