«Հայաստանը թմրամիջոցների համար տարանցիկ երկիր չէ»
26/06/2012 13:48

«Հայաստանը թմրամիջոցների համար տարանցիկ երկիր չէ»

ՀՀ ոստիկանությունը տարվա առաջին եռամսյակում բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 308 հանցագործություն, այն դեպքում, երբ 2011-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 230: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Սերոբ Հարությունյանը: Նշյալ ժամանակահատվածում ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել է 44,8 կգ թմրամիջոցներ, իսկ 2011-ին` 128 կգ:

Խոսելով նախորդ տարիներին արձանագրված թմրամիջոցների հետ կապված բացահայտումների մասին` Ս. Հարությունյանը նկատեց, թե 2010-ին բացահայտվել է 1524 հանցագործություն, իսկ 2011-ին` 1525 հանցագործություն:

Պատասխանելով հարցին, թե թմրամիջոցների տեղափոխման համար Հայաստանը տարանցիկ երկի՞ր է, Ս. Հարությունյանը նշեց, որ Հայաստանը տարանցիկ երկիր է այնքանով, որքանով հաջողվել է թմրամիջոցներ հայտնաբերել մաքսակետերում: Սակայն հայտարարել, որ Հայաստանը թմրամիջոցների համար տարանցիկ երկիր է, նրա խոսքերով, չի կարելի:
 

«Հայաստանը թմրամիջոցների համար տարանցիկ երկիր չէ»