Ավստրիայի նախագահ. Հայկական ձեռագրերն արժեք են ողջ աշխարհի համար
26/06/2012 18:34

Ավստրիայի նախագահ. Հայկական ձեռագրերն արժեք են ողջ աշխարհի համար

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի ու պատվիրակության մյուս անդամների հետ այցելեց Մատենադարան:

Մատենադարանում ավստրիացի բարձրաստիճան հյուրին ուղեկցել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահում ներկայացվեցին ամենավաղ շրջանից թվագրվող ձեռագրերն ու մշակութային արժեքները:  

Ավստրիայի առաջին տիկնոջն առանձնապես հետաքրքրել էր հայկական որդան կարմիրը: Բարձրաստիճան հյուրերը ներկայացված ցուցանմուշներին ծանոթանում էին զարմանքով և հիացմուքնով:

«Հայկական ձեռագրերը մշակութային արժեք են ողջ աշխարհի համար: Շնորհակալություն թանգարանին, որտեղ պահվում են 2000 տարվա պատմություն ունեցող արժեքներ»,- գրառումների մատյանում գրեց Հայնց Ֆիշերը:

Վերջում Ավստրիայի նախագահին նվիրեցին «Հայկական մանրանկարչության ալբոմ» գերմաներերն, իսկ Մարգիթ Ֆիշերին նվիրեցին միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված ձեռքի քսուքներ և թեյեր:  

Հիշեցնենք, որ մինչ այս պահը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆիշերը շրջել է Երևանի Կենտրոնում, հանդիպել Նախագահ Սերժ Սարգսյանին, այցելել Ծիծեռնակաբերդ: Վաղը կլինի Էջմիածնում, որտեղ նախատեսված է Կաթողիկոսի հետ հանդիպում, ապա կմեկնի Հայաստանի գեղատեսիլ վայրերից Գառնի և Գեղարդ:

 

Ավստրիայի նախագահ. Հայկական ձեռագրերն արժեք են ողջ աշխարհի համար