ՀՀ Նախագահ. ԼՂ խաղաղ կարգավորումը՝ Մինսկի խմբի շրջանակներում
26/06/2012 14:06

ՀՀ Նախագահ. ԼՂ խաղաղ կարգավորումը՝ Մինսկի խմբի շրջանակներում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ավստրիացի լրագրողի՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցին՝ նշեց, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի շրջանակներում, Հայաստանն այլընտրանք չի տեսնում:

«Ադրբեջանական կողմի չհիմնավորված ինքնավստահությունը և սահմանում տեղի ունեցող միջադեպերը մտահոգիչ են: Այդ սադրանքների արդյունքում երիտասարդներ են զոհվում»,-ասաց ՀՀ Նախագահը:

Ս.Սարգսյանը վկայակոչեց վերջերս Մեքսիկայում կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից ընդունված փաստաթուղթը, որտեղ ղարաբաղյան հարցի լուծման տեսլականը հիմնվում է ազգերի ազատ ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ դրա սպառնալիքների չկիրառման սկզբունքների վրա. «Հայկական կողմը պատրաստ է առաջ գնալ այդ սկզբունքների հիման վրա: Ադրբեջանն այդ սկզբունքներից ընդունում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը»:

Հայնց Ֆիշերն իր հերթին ասաց, որ ղարաբաղյան խնդիրը շատ բարդ խնդիր է. «Ես տեղյակ եմ Թուրքիայի նախագահ Գյուլի, ադրբեջանական կողմի կարծիքներին: Կարծում եմ, որ երբ խոսքը գնում է բազմահազար մարդկանց մասին, խնդիրը չպետք է լուծվի ուժի միջոցով, և դիպուկահարները պետք է հետ քաշվեն սահմանից, իսկ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում»:
 

ՀՀ Նախագահ. ԼՂ խաղաղ կարգավորումը՝ Մինսկի խմբի շրջանակներում