.jpg)
Հանդիպում աուդիտորական ընկերությունների հետ
Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատից տեղեկացնում են (ՀԱԱՊ), որ օրերս ՀԱԱՊ իրավաբանական անձանց միությունը հանդիպում է կազմակերպել իր անդամ հանդիսացող խոշոր աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Ահարոն Չիլինգարյանի հետ:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանում աուդիտի որակի վերահսկման արդյունավետության խնդրին: Քննարկվող հարցերից է եղել աուդիտի ոլորտում ինքնակարգավորման մեխանիզմների կամ կառույցի ներդրումը, որը կնպաստի աուդիտորական ընկերությունների գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկման գործընթացին ՀՀ օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մասնակիցներից շատերի կարծիքով նման կառույցի ձևավորումը կնպաստի Հայաստանում աուդիտի որակի բարձրացմանն ու աուդիտորական ընկերությունների նկատմամբ վստահության աճին: Հաշվի առնելով այս ամենը, կարևորվել է հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև երկխոսության և համագործակցության ընդլայնումը:
Քննարկումն առավել առարկայական և շարունակական դարձնելու նպատակով, հանդիպման մասնակիցներն առաջարկել են, որպեսզի ՀԱԱՊ-ն ստանձնի համակարգողի դերը և ներկայացնի այս ոլորտում իր անդամ կազմակերպությունների միջազգային փորձը: Որոշվել է նաև քաջալերել աուդիտորական ընկերություններին` միանալու «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում գործող կազմակերպությունների միջև փոխըմբռնման հուշագրին: