.jpg)
Էդուարդ Շարմազանով. Կասկած չկա, որ Ադրբեջանն ագրեսոր է
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, միաժամանակ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր:
«Այդ պահը հստակ պետք է նշվի հայտարարություններում. հարկավոր է անվանել ագրեսորին»,- նշել է Մամեդովը:
Ի պատասխան Մամեդովի այդ հայտարարությանը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
«Ինձ շարունակում է զարմացնել ադրբեջանցի պաշտոնյաների «մտքի թռիչքը»:
Առաջին` որևէ պետության իրավասության ներքո չէ այլ պետությանն ինքնավարության կարգավիճակ շնորհելու հարցը: Կան միջազգային ընդունված նորմեր, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ըստ որի` ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք, հետևաբար` սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրականացանը:
Երկրորդ` Արցախի հանրապետությունը, ԽՍՀՄ գործող օրենսդրությանը և միջազգային իրավական նորմերին համապատասխան, հռչակել է իր անկախությունը և այն ամրագրել համաժողովրդական հանրաքվեով: Ավելին` ԼՂՀ-ն ոչ մի օր և ոչ մի ժամ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:
Երրորդ` ի՞նչ ինքնավարության մասին է խոսքը, եթե ադրբեջանցիները չկարողացան հանդուրժել նույնիսկ մշակութային հուշարձան Նոր Ջուղայի խաչքարերի գոյությունը` բարբարոսաբար ոչնչացնելով դրանք: Դա մշակութային ցեղասպանության դասական օրինակ է:
Պարոն Մամեդովը ցանկանում է լսել ագրեսորի անունը:
Պարոն Մամեդով, ինչպե՞ս կարելի է անվանել մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդարացի իրավունքին հակադրեց ռազմական ուժ` օր ու գիշեր ռմբակոծելով ու կրակի տակ պահելով խաղաղ բնակիչներին, այդ թվում` կանանց ու երեխաներին, և մի երկրի իշխանավորների, ովքեր ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են, որ պետք է լվացվեն Սևանա լճում: Ես էլ կարծում եմ, որ ժամանակն է` միջազգային հանրությունն իրերը կոչի իրենց անուններով և տա ագրեսորի անունը: Կասկած չկա, որ դա Արբեջանն է»:
Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: