.jpg)
Հովհաննես Թումանյանի տունը նվիրաբերվեց Վիրահայոց թեմին
«Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տան ճակատագիրը վերջնականապես լուծված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Նրա հավաստմամբ, անցած հինգ-վեց ամիսներից հետո կարող է ասել, որ հարցը լուծված է շնորհիվ կազմակերպիչների նախաձեռնողականության և այն մարդկանց, ովքեր Հովհաննես Թումանյանին ոչ միայն խոսքով են սիրում: «Խոսքս վերաբերվում է Գյումրիի քաղաքապետին, ով 145000 դոլար ներդրեց, և հիմա էլ բոլոր հիմնանորոգման հարցերը ևս նա ստանձնեց: Մենք կարողացել ենք ձեռք բերել Թումանյանի տան հիմնական մասը և այն կնվիրաբերենք Վիրահայոց թեմին, քանի որ այս տարվա մարտին կայացրած որոշմամբ այն ստացել է սուբյեկտի կարգավիճակ»,-ասաց նա:
Լևոն Անանյանը հրապարակավ Թումանյանի տան բանալիները հանձնեց հասցեատիրոջը` Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Վազգեն եպիսկոպոսի խոսքով, աշնանը նրանք կատարելու են մշակութային տան բացումը, և այն կրելու է Հովհ. Թումանյանի անունը:
«Տան մյուս մասը պատկանում է Թումանյանի ծոռնուհուն, հիմա մենք բանակցում ենք այդ մասը ևս ձեռք բերելու և նորոգելու համար, որ այն դառնա ամբողջական: Սա մեզ համար և’ պատիվ է, և’ պատասխանատվություն»,-ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Լ.Անանյանը նշեց, որ Հովհ. Թումանյանի տունը կշարունակի Հին Վերնատան առաքելությունը: «Ուզում եմ շեշտել, որ սա ոչ թե Հովհ. Թումանյանի վերնատունն է, այլ այստեղ Թումանյանը տեղափոխվել է Վերնատանն անցկացրած 10 տարիներից հետո, և այն գտնվում է Վերնատնից մեկ փողոց այն կողմ, ստացվում է, սա Վերնատան ավելի շատ սիմվոլիկ վերադարձն է»,-ասաց նա: