.jpg)
ՍԾՏՀ հիմնադրման 20-ամյակին նվիրված գագաթաժողով
Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:
Գագաթաժողովին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծեց անցած 20 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում համագործակցության նվաճումներն ու առաջընթացը, մասնավորապես՝ ՍԾՏՀ նոր տնտեսական օրակարգի ընդունման փաստը:
Նա անդրադարձավ նաև միջազգային ասպարեզում կազմակերպության դերի և հեղինակության բարձրացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ժամանակակից պահանջներին կազմակերպության համապատասխանեցման անհրաժեշտությանը:
Նշվեց ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության առավել ակտիվ ներգրավվածության և երկրի հեղինակության բարձրացման հանգամանքը:
Ի պատասխան գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում Հայաստանին հասցեագրված անհիմն մեղադրանքների, Աշոտ Հովակիմյանը նշեց. «Համաձայն ՍԾՏՀ հիմնարար փաստաթղթերի, այն պետք է մնա տնտեսական մանդատի և օրակարգի սահմաններում և չի կարող դառնալ քաղաքական քննարկումների ու մեղադրանքների ասպարեզ:
ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների միակ համաձայնեցված միջնորդական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»:
Գագաթաժողովն ընդունեց ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը և ՍԾՏՀ կազմակերպության նոր տնտեսական օրակարգի վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթը:
Հունիսի 25-ին Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Թուրքիայի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպ. Աթեշյանը: