27/06/2012 15:05
Ամուսինը վիճաբանությունից հետո աներոջ տանը նռնակ է պայթեցրել
Այսօր՝ հունիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր առավոտյան Տավուշի մարզի Շամշադինի տարածաշրջանի Նավոր գյուղում Տավուշի մարզի բնակիչ 1959թ. ծնված Վալենտին Սարգսյանը վիճաբանությունից հետո տան մեջ նռնակ է պայթեցրել, ինչի հետևանքով ինքը և ևս 2 հոգի մահացել են, իսկ մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նրանց խոսքով, այս պահին նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանության պետի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Որոշ տվյալների համաձայն, 53-ամյա Վալենտին Սարգսյանը մտել է իր աներոջ տուն և հայհոյանքներ տալով այնտեղ գտնվող իր կնոջը, նրա ընկերուհուն և մի քանի հոգու, սպառնացել է, որ իր մոտ եղած նռնակը կպայթեցնի:
Վիճաբանությունից հետո նա տան մեջ նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով ինքը, իր կինը և կնոջ ընկերուհին մահացել են, իսկ կնոջ ընկերուհու ամուսինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: