Ջրամատակարարումը՝  Շերամի փողոցից
27/06/2012 18:43

Ջրամատակարարումը՝ Շերամի փողոցից

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Շահումյան» տեղամասի մասնագետները ավարտում էին հունիսի 20-ին սկսված աշխատանքները:

Բանն այն է, որ նշված փողոցին զուգահեռ ծառուղիներով ձգվում է 300մմ տրամագծով մոտ 400մ երկարությամբ խողովակաշար, որի միջոցով իրականացվում է հարակից բարձրահարկ շենքերի և տարածքների ջրամատակարարումը:

Անցած տասնամյակների ընթացքում ջրագիծը ֆիզիկապես մաշվել է, ինչի պատճառով և´ զգալի ջուր է արտահոսում, և´ ջրի ճնշումն է նվազում, և´ ջրամատակարարումը դառնում անկանոն:

Տվյալ խնդրի լուծման նպատակով ընկերությունը որոշում է ընդունել շենքերի ներբակային ցանցը ապամոնտաժել նշված խողովակից և միացնել Շերամի փողոցի 700մմ տրամագծով ջրատարին, որը ջուր է ստանում «Լուկաշին» օրվա կարգավորման ջրամբարից:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ կատարվել էր աշխատանքների առաջին փուլը և որոշ բարձրահարկեր արդեն միացվել էին մայրուղային ջրատարին: Չորեքշաբթի ևս երեք նորաստեղծ դիտահորերում տեղադրվում էին փականներ ու իրականացվում կարգաբերման աշխատանքներ:

Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանի, աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի և արդեն վաղը մոտ 2000 բաժանորդներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք տարածքներում կունենան ավելի կայուն ու բարձր ճնշումով ջրամատակարարում:

Այս մասին հայտնում են «Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժնից:

Ջրամատակարարումը՝ Շերամի փողոցից