29/06/2012 13:52
«Ընդդիմադիր միասնական լավագույն թեկնածուն Տեր-Պետրոսյանն է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, անդրադառանալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև այդ համագործակցության մասով ՀԱԿ-ում ստեղծված տարակարծությունների մասին լուրերին, նշեց, որ ՀԱԿ-ում նման թևեր չկան, կան տարբեր տեսակետներ. «ԲՀԿ-ի հետ կապված երկփեղկվածություն չկա: Մեր քննարկումների ժամանակ բազմաթիվ տարակարծություններ են եղել, սակայն այժմ նման խնդիրներ չկան»,- ասաց նա՝ ներկայացնելով, որ տարակարծությունները վերաբերել են նրան, թե արժե՞ խոսել ԲՀԿ-ի մասին, թե ոչ:
Արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, թե նախագահական ընտրություններում ընդդիմադիր դաշտում հնարավոր է միասնական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, Լ. Զուրաբյանն ասաց, թե վերջին շրջանում «Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց են վերագրել ՀԱԿ խոսնակների դերը. «Ես ուղղակի խորհուրդ կտամ, որ նրանք փնտրեն այլ աշխատանք, այլ աշխատանքում նրանք, գուցե, հաջողություն գրանցեն»:
ՀԱԿ-ը, Լ. Զուրաբյանի խոսքերով, նախագահական ընտրությունների հետ կապված հարցերի պատասխանները կտա աշնանը: Նա կարծում է, որ այսօր դեռ վաղ է խոսել նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի մասին:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելուն, ՀԱԿ համակարգողը կարծում է, որ նա առաջադրվելու ոչ մի շանս չունի. «Նրա ձեռքերն արյան մեջ են, նա ստեղծել է կոռուպցիոն համակարգ, հետևաբար կարծում եմ, որ նա ընդամնեը մի շանս ունի ընտրվելու, եթե կեղծի ընտրությունները, իսկ նա այդ հնարավորությունը չունի, քանի որ դա նրա ձեռքում չէ»:
Ամփոփելով իր խոսքը՝ Լ. Զուրաբյանն ընդգծեց, որ եթե միասնական թեկնածու լինի, ապա դրա միակ լավագույն տարբերակը, ըստ նրա, Լևոն Տեր-Պետրոսյանն է: