03/07/2012 13:42
Մուրսին ցանկանում է կոնսենսուս գտնել զինվորականների հետ
«Եգիպտոսի նոր նախագահ Մուրսին ցանկանում է կոնսենսուսի հասնել զինվորական բարձրագույն ղեկավարության հետ, և ԱՄՆ-ից ստացվող ֆինանսական օգնությունը կկենտրոնանա նաև զինվորականների մոտ»,-այսօր Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանն ասաց, որ Եգիպտոսը կարող է կրկնել թուրքական փորձը, երբ իշխանությունը զինվորականներից աստիճանաբար անցնում է աշխարհիկ իշխանություններին:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ իր հերթին անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին` նշեց. «Եգիպտոսը ՀՀ-ից հեռու է գտնվում: ՀՀ-ին ավելի մոտ է Սիրիան, և Սիրիայում հավանաբար տեղի կունենան տարանջատման գործընթացներ»:
Նրա խոսքերով, սիրիական բնակչության մի զգալի մասը կազմում եմ ալևիները, քրիստոնեաները և հասկանալի չէ նրանց ճակատագիրը:
Ըստ Իսկանդարյանի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կապ կունենան տարածաշրջանի վերաձևավորման հետ.«Ե’վ ՀՀ-ի, և’ ՌԴ-ի համար այդ իրադարձությունները շատ կարևոր են»: