05/07/2012 18:15
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրել է անձամբ Շահնազարյանը:
«Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, և ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», -ռադիոկայանին ասել է Շահնազարյանը:
Չնայած ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը հրաժարվել է մանրամասնել ՀԱԿ-ից դուրս գալու դրդապատճառները, սակայն, ելնելով խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ նրա գնահատականներից, կարելի ասել, որ պատճառներից մեկը եղել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀԱԿ-ի քաղաքական համագործակցությունը:
«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչև ընտրություններ Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխությունը, և այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու», - ասել է Շահնազարյանը՝ շարունակելով. - «Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»:
Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացնում է՝ «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»:
«Մյուս առանձնահատկությունը. ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձևավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ և բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որևէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, և այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից գոնե արտաքին քաղաքական առումով: Ի՞նչ ընտրություն կա այսօր. կամ ներկայիս իշխանությունը, որն ուզում է պահպանել այսօրվա վիճակը, և հանձինս «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընտրություն դեպի նախորդ ռեժիմ», - ասել է Շահնազարյանը: