05/07/2012 17:24
Մեկնարկել է «Կինոլրագրություն առանց սահմանների» դասընթացները
Այսօր, «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկեց «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները:
«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) Արևելյան գործընկերության ծրագիրը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացնում է «Կինոլրագրություն առանց սահմանների» (ԿԱՍ) դասընթացներ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի կինոլրագրողների, կինոքննադատների և լրագրության ուսանողների համար։ Դասընթացներն իրականացվում են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ։
«Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը ՌԱՍ արևելյան համագործակցության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է «Ոսկե ծիրանե»կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերներ INTERFILM-ի (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոնի (Վրաստան) և INTERNEWS-ի (Հայաստան) կողմից:
Մասնակցության հայտեր ներկայացնելու հայտարարությունն արվել է դեռևս մայիսի 21-ին՝ հունիսի 10-ն ունենալով որպես վերջնաժամկետ։ 19 դիմում է ներկայացվել Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից և Ուկրաինայից։ Դիմումները դիտարկվել են հայ և միջազգային կինոլրագրողներից և կինոքննադատներից կազմված հանձնաժողովը։
Եռօրյա պարապմունքները կանցկացվեն Երևանում հուլիսի 5-8-ին, որից հետո մասնակիցները կշաարունակեն մասնակցել «Ոսկե ծիրանե կինոփառատոնին (8-15 հուլիս) և հնարավորություն կունենան համագործակցել փառատոնի օրաթերթի եւ կայքի հետ՝ գրելով փառատոնի միջոցառումների մասին, այդ թվում՝ անդրադարձ կատարելով «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումին և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին՝ որպես փառատոնի ժամանակ անցկացվող հիմնական տարածաշրջանային կինոարդյունաբերության միջոցառումներ։
Պրոֆեսիոնալ կինոքննադատ Պետեր վան Բուերենը (Նիդեռլանդներ) կներկայացնի կինոլրագրության և կինոքննադատության տեսությունը և պրակտիկան։ Փառատոնի օրաթերթի խմբագիր Ռոնալդ Ռովերսը (Նիդեռլանդներ) կներկայացնի փառատոնի կինոխոսականներին և օրաթերթի աշխատանքին առնչվող տարբեր հարցեր։
Կինոլրագրություն առանց սահմանների (ԿԱՍ) դասընթացների մասնակիցներն են Անի Հարությունյանը, Լիլիթ Պետրոսյանը, Նանե Սահակյանը, Արմեն Շախկյանը, Արթուր Վարդիկյանը (Հայաստան), Ալյոնա Սոյկոն, Մարիա Ժարնիկովան (Բելառուս), Մագդա Գոգոլաշվիլին (Վրաստան), Անաստասյա Կոստիշանուն (Մոլդովա) և Օլեգ Շինկարենկոն (Ուկրաինա):