05/07/2012 17:00
«Լուրջ անելիքներ կան` Սահմանադրությունն իրեն միայնակ չզգա»
«Ես վստահ եմ, որ մեր Սահմանադրությունը լավագույն սահմանադրություններից մեկն է քաղաքակիրթ աշխարհում: Սահմանադրությունը, որպես փաստաթուղթ, որպես մայր փաստաթուղթ, որպես մեր երկրի, մեր ժողովրդի կենսագործունեության ողնաշար, հրաշալի փաստաթուղթ է, սակայն այն որևէ առնչություն չունի մեր իրական կյանքի հետ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով օրվա խորհրդին, նման մտահոգություն հայտնեց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը:
Սահմանադրական շատ ու շատ հանձնառություններ, շատ նորմեր, նախկին պատգամավորի խոսքերով, որևէ կապ չունեն մեր կյանքի և իրողությունների հետ: Պարզաբանելով իր ասածը` Լ. Գալստյանը նկատեց, որ Սահմանադրությունը թղթի վրա մնացած փաստաթուղթ է` ժողովրդավարական, սոցիալական, իրավական երկրի հաստատումներով, ըստ որի, ՀՀ գլխավոր արժեքը մարդն է, սակայն. «Իրականում, ցավոք, մեզ մոտ երկրից օտարված, անարժանապատիվ գոյություն ապահովող, ոտնահարված իրավունքներով մարդն է…»
Որպես հարցի լուծում, Լ. Գալստյանն առաջարկում է, որ յուրաքանչյուրը պետք է տեր կանգնի Սահմանադրությանն ու իր իրավունքներին. «Չնայած Սահմանադրության, երկրի գլխավոր երաշխավորը ՀՀ նախագահն է, սակայն մենք բոլորս` իբրև քաղաքացի, իբրև հասարկության անդամներ, իբրև պահանջատեր քաղաքացիներ, լրջագույն անելիքներ ունենք, որպեսզի Սահմանադրությունն իրեն միայնակ չզգա և իրացված լինի»:
Արդյունքի հասնելու, բացթողումները շտկելու համար, նախկին պատգամավորը կարծում է, որ քաղաքական համակարգը, քաղաքական կուսակցությունները և հասարակ քաղաքացիները լուրջ անելիքներ ունեն: