Արցախ. դիրքերում, սահմանամերձ գյուղերում...վտանգն աչքի առջև
09/07/2012 19:16

Արցախ. դիրքերում, սահմանամերձ գյուղերում...վտանգն աչքի առջև

Լույսը նոր բացված՝ ուղևորվում ենք դեպի Մարտակերտ։ Գլխավոր շտաբի մոտ ԼՂՀ ՊԲ սահմանամերձ զորամասերի առօրյան լուսաբանելու համար Արցախ ժամանած լրագրողների խմբին արդեն սպասում են Մարտակերտի զորամասերի հրամանատարները։ Պիտի ընտրենք, թե ուր ենք ցանկանում գնալ։ Որոշում եմ. գնում եմ Մատաղիս։ Արդեն լսել եմ` ամենավանգավոր դիրքերից մեկն է։

Տեղավորվում ենք «Վիլիս» մեքենաների մեջ ու ճամփա ընկնում։ Գարնան անձրևներից հետո զորամաս տանող ճանապարհը, մեղմ ասած, վատն է. սովորական մեքենայով հաստատ չես հասնի։ Մեզ ուղեկցող երիտասարդ սպային հարցուփորձը սկսում ենք հենց ճանապարհին։ Պարզվում է զորամասի հրամանատարն է՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը։

Գնդապետ Ջալալը

 

Արցախի զորամասերում նրան այսպես գիտեն բոլորը։ Նույնիսկ նոր զորակոչվածները գիտեն`ամեն զինվորի համար գնդապետ Ջալալը և’ հրամանատար է, և’ ավագ ընկեր, զինվորի թիկունքին է ու նրա կողքին։ Ընդամենը 37 տարեկան է ԼՂՀ ՊԲ 1-ին աստիճանի վտանգավորությամբ դիրքերը պահող զորամասի հրամանատարը, ով գնդապետի կոչում է ստացել 34 տարեկանում։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, հետո որոշել է մանկավարժ դառնալ. քիմիայի ու կենսաբանության ուսուցիչ պիտի լիներ։ Բայց...ավարտեց Պետերբուրգի ռազմական ակադիմիան ու հիմա իր զինվորների կողքին է։

Մեր «Վիլիսը» քարուքանդ ճանապարհով գնում է առաջ։ Հրամանատարին տալիս եմ մեզ կարևոր թվացող, բայց իրականում՝ ամենաանհեթեթ հարցերից մեկը` շատ վտանգավո՞ր է դիրքերում։ «Եթե զգոն լինեն տղաները ու կատարեն բոլոր հրահանգները, դժբախտ միջադեպեր չեն լինի»,- լինում է պատասխանը։

Մենք` դիրքերում ոչ մի անգամ չեղած երկու լրագրող, մեր միամիտ հարցերով շարունակում ենք հարցուփորձը.

«Պարոն գնդապետ,- հարցնում եմ,- Ադրբեջանը շատ է խոսում իր զինտեխնիկայի հզորության, ռազմական բյուջեի ավելացման մասին. մենք մեր ունեցած ռազմական տեխնիկայով, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ ենք համապատասխան հակահարված տալ հակառակորդին»։

«Գուցե շատ ունեն, բայց նրանց ռազմական տեխնիկան չունի այն որակը, ինչ մենք ունենք։ Իսկ ամենակարևորը՝ նրանք լավ մասնագետներ չունեն»,- ասում է հրամանատարը։

Խոսում ենք նաև Արցախյան պատերազմի տարիներին այդ տարածքներում մղված մարտերի մասին, մեր զինվորների մարտական ոգու, ԼՂՀ ՊԲ խնդիրների ու նվաճումների մասին, մինչև որ հեռվում մեծ գյուղ է երևում. Մատաղիսն է՝ իր հին ու նոր հատվածներով։ Հին հատվածը, որ հիմա Ներքին Մատաղիս անվանումն է ստացել, Արցախյան ազատամարտի տարիներին իր վրա է կրել ադրբեջանական բարբարոսության կնիքը, Վերին Մատաղիսում նոր տներ են կառուցվել, գյուղն ընդլայնվել ու մեծացել է։

Գյուղի մատույցներով Թարթառ գետն է խոսում, որի մոտ հիդրոէլեկտրակայան ու մեծ ջրամբար է կառուցվել։ Հետո գնդապետը մեր ուշադրությունը հրավիրում է նաև քիչ ներևում գտնվող պոմպերի վրա, ու ասում, որ դրանց շնորհիվ է, որ ջուրը մղվում ու հասնում է զորամաս ու այսօր արդեն զորամասը ջրի խնդիր չունի։

Հասնում ենք զորամաս։ Մեր գործընկերներից մի քանիը մնում են զորամասում՝ լուսաբանելու զինվորների առօրյան. պիտի գրեն նաև այն մասին, թե ինչպես են ապրում ու ծառայում սպաները, որոնց տները տեղակայված են զորամասի շրջակայքում։ Ժամանակը քիչ է. պիտի ընտրենք, թե առավելապես ինչի մասին ենք ուզում գրել` կա’մ դիրքեր, կա’մ զորամաս։

Մենք ճանապարհվում ենք առաջատար դիրքեր։

Երբ դիտակետերի միջև հեռավորությունը 25 մ է

Ճանապարհին անծայրածիր դաշտեր են՝ անմշակ կամ էլ արդեն չորացած ցորենի հասկերով։ Աշխատող մարդիկ չեն երևում։ Տեղանքը վտանգավոր է, բայցի այդ` պարզվում է, որ ցորենի բերք այս տարի չի լինի. արտերը չեն խնամվել, բերքը չորացել է։ Դաշտում, գյուղից շատ հեռու, ցիրուցան եղած, արածում են կովերը։

Մեր «Վիլիսը» ուղղություն է վերցնում դեպի «...Կալգոտկա» անվանումը ստացած ամենավտանգավոր դիրքերից մեկը, որը հայտնի է դիվերսիոն գործողությունների ու դժբախտ պատահարների առավելագույն քանակով։ Ճանապարհին զգուշացնող ցուցանակներ են՝ «Հակառակորդի կողմից կրակի տակ է», «Ճանապարհը գնդակոծվում է»։ Դիրքեր տանող ճանապարհը ևս խրամատ է. մեքենան մխրճվել է հողի մեջ ու սուրում է առաջ, երկու կողմից պաշտպանիչ թմբեր են, որոնց շնորհիվ չենք հայտնվում թշնամու նշանառության տակ։

Հասնում ենք տեղ, շատ շոգ է. Հրամանատարի խոսքերով՝ հաճախ մինչև 50 աստիճանի է շոգը հասնում։ Զինվորներն իրենց տեղում են. մի մասը հերթապահում է, մյուսները՝ հերթապահությունից հետո հանգստանում են։ Հողը հազար կողմից ակոսած խրամատները ձգվում են աջ, ձախ, վերև, ներքև։ Սարի վերևում լարումն առավելագույնի է հասած. մեր ու հակառակորդի դիտակետերի միջև հեռավորությունն ընդամենը 25մ է։ Առավելագույնս քողարկված դիտակետից մեզ թույլատրում են նայել «նրանց». «Բարձր չխոսել, չաղմկել»,- հրահանգում են մեզ։

Զգույշ նայում ենք. թշնամին ուղիղ մեր «քթի տակ է», վախի զգացում չկա։ Կա միայն զարմանք, թե ինչպես են 18-19 տարեկան մեր զինվորները հասուն մարդու վճռականությամբ ամեն օր նայում այս դիտակետերից այն կողմ, հսկում ու անառիկ պահում մեր սահմանները։

Երկար չեն թույլատում մնալ այդ դիտակետում. «Ստվերի վրա էլ են արձագանքում,- ասում են տղաները,- «Շարժում շատ եղավ, վտանգավոր է»։

Հրաժեշտ ենք տալիս տղաներին, մաղթում անվտանգ ծառայություն ու շարժվում այլ ուղղությամբ։

Դիմացն ադրբեջանական գյուղն է

Մեր «Վիլիսը» ուղղություն է վերցնում ԼՂՀ հյուսիս-արմտյան սահմանի առաջատար մեկ այլ դիրք, որտեղ մեր դիրքերն ավելի հարմար են` բարձունքում, հակառակորդն էլ հեռու է ու ավելի խոցելի։ Մոտ 1կմ հեռավորության վրա, ինչպես ափի մեջ՝ ադրբեջանական գյուղ է ։ Հեռադիտակով երևում է անգամ գյուղի անցուդարձը։ «Բնակավայրերի վրա մենք չենք կրակում։ Այս ուղղությամբ էլ կրակոցներ համարյա չեն լինում» - ասում է հրամանատարը։

Դիրքերում հերթապահություն են կատարում Վլադիմիրը, Արայիկն ու Գոռը։

Արդեն երկրորդ տարին է` ծառայում են։ Մեզ ծանոթացնում են իրենց առօրյային։ Ցույց են տալիս խոհանոցն ու «սառնարանը»։ Սառնարան ասվածը երկաթե պահարան է, որտեղ արագ պատրաստվող սնունդ է` կարագ. ձեթ, շիլաներ, պահածոյացված միս, բնական հյութեր։ Ընդհանրապես բոլոր զորամասերում զինվորները սնվում են օրը երեք անգամ, դիրքերում՝ չորս, բացի նախաճաշից, ճաշից ու ընթրիքից, ստանում են նաև «գիշերային նորմա»։

Երբ ամեն մեկը հերոս է

Հետադարձ ճանապարհն անցնում է Թարթառ գյուղով։ Տխուր պատկեր է. այրված ու լքված տներ, ազատամարտիկներին նվիրված հուշակոթող, որի վրա զոհված տղաների լուսանկարների երկար շարք է. հակառակորդի առաջին հարվածներից մեկն այս գյուղի վրա է եղել։ Թշնամին մի քանի կիլոմետր մխրճվել ու առաջ է գնացել։ Հետո Մանվել Գրիգորյանի տղաների արյան ու կամքի գնով սահմանն առաջ է եկել, գյուղն` ազատագրվել։ Գյուղի հին բնակիչներից շատերը վերադարձել են:

Ցերեկվա շոգին փողոցները դատարկ են։ Միայն մեծ թթենու տակ երեք տղա են նստած՝ 7-8 տարեկան։ Նրանցից մեծը Գևորգն է. ասում է` պատմություններ ենք իրար պատմում։ Չի ուզում ասել` ինչի մասին են իրենց պատմությունները, բայց պարզ է` ուրախ են, հաստատ` ոչ պատերազմի, ոչ էլ իրենց գյուղի դժվար կյանքի մասին են դրանք։ Գուցե նրանք դեռ չգիտեն էլ, թե ինչն՝ ինչպես է եղել։

Բայց կգա ժամանակը, երբ նրանք էլ կկանգնեն սահմանը պահող մեր հերոս զինվորների կողքին։ Այն, ինչ անում են մեր տղաները ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին՝ այլ անվանում չունի. նրանք բոլորն էլ հերոսներ են։

«Չհասցրի վախենալ...»

Վերադառնում ենք զորամաս։ Արդեն ուշանում ենք, հարևան «Եղնիկներ» զորամասում օրը պիտի ամփոփվի ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսով։

Չնայած ժամանակի սղությանը՝ որոշել եմ, պիտի մինչ այդ հանդիպեմ Գրիգորին, ով հունիսի 23-ին կանխել է հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումն ու փրկել ընկերների կյանքը։

Մատաղիսի զորամասի զինվոր է Գրիգոր Մադաթյանը։ Ծնվել, մեծացել է Երևանում, Նորագավիթ թաղամասում։ Ընտանիքի միակ տղան է։ Երկու քույրերի ավագ եղբայրը։ Շատ արտահայտիչ, մեծ ու խաժ աչքերով ինձ է նայում ու մի մեծ բան չի համարում արածը. արել է այն, ինչ պիտի աներ։ Հարցնում եմ՝ «վախեցա՞ր»։ Ասում է՝ «չհասցրի»։ Պատմում է, որ դեմ դիմաց երեք ադրբեջանցի զինվոր է տեսել ու հասցրել է արագ կրակել։ Նրանք նռնակ են նետել ու փախել։ Նռնակի պայթյունից ընկերը՝ Սարգիսը Միքայելյան, վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հոսպիտալ։ Վնասվածքները խորը չեն, կյանքին վտանգ չի սպառնում։

Սարգսի առաջին հերթապահությունն է եղել դիրքերում, այն էլ... Գրիգորը շատ է ուզում գնալ հոսպիտալ՝ տեսակցելու ընկերոջը։ Խոստանում եմ միջնորդել հրամանատարին, բայց... հրամանատարն ասում է` մի երկու օրից Սարգիսը ինքը կվերադառնա զորամաս։

Իր զգոնության համար Գրիգորը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Վազգեն Սարգսյանի» մեդալով։
Ազատամարտիկի որդի է Գրիգորը։ Հայրը՝ Վաղարշակը, կռվել է Արցախի ազատագրման համար։ Հոր անցած մարտական ուղու մասին Գրիգորը ոչինչ չգիտի. «Ինքը դրա մասին չի խոսում»,- ասում է։

***
Շտապում ենք «Եղնիկներ», որտեղ երեկոյան տեղի ունեցավ ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի ասուլիսը։
Լրագրողների մեծ մասը գիշերեց զորամասում։ Մեր կազմը որոշեց վերադառնալ Ստեփանակերտ։ Ուշ գիշերին մեր «Վիլիսը» մեզ հասցրեց տեղ։ Ամբողջ օրը ղեկին էր Սուրոն։ Շատ համեստ զինվոր, որ ամենադժվար ճանապրահներն անգամ շատ վստահ էր անցնում։

Գիշերը չկարողացանք քնել։ Տպավորություններն անսպառ էին։ Կարծես` դեռ դիրքերում լինեինք, զինվորի կողքին. Ես` որդուս, ու բոլորի կողքին:

Հ. Գ. Լրագրողների այցելությունը սահմանային դիրքեր կազմակերպել էր «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: