Ռ.Հայրապետյանը զանգահարել և ներողություն է խնդրել իրավապաշտպանից
09/07/2012 13:38

Ռ.Հայրապետյանը զանգահարել և ներողություն է խնդրել իրավապաշտպանից

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի` Ռուբեն Հայրապետյանի կողմից բռնության ենթարկելու փաստը, ապա հետգրությամբ հայտնում, որ Հայրապետյանը զանգահարել է Արման Վեզիրյանին, ներողություն խնդրել և հայտնել, որ զղջում է իր կատարածի համար:

««Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է 08.07.2012 թ-ին Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու առաքելություն իրականացնելիս:

Այս միջադեպը մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ «Հելսինկյան ասոցիացիայի» աշխատակիցներին բռնության են ենթարկում, կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին և այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել:

Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեև ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի՝ քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին:

Հ.Գ այն պահին, երբ պատրաստվում էինք հայտարարությունը ուղարկել ԶԼՄ-ներին Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց Արման Վեզիրյանին ներողություն խնդրեց և հայտնեց, որ զղջում է իր կատարածի համար»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: 

Ռ.Հայրապետյանը զանգահարել և ներողություն է խնդրել իրավապաշտպանից