«Հարսնաքարի» միջադեպը պարզաբանում է ոստիկանությունը
09/07/2012 12:09

«Հարսնաքարի» միջադեպը պարզաբանում է ոստիկանությունը

«Ոստիկանությունը միայն իրականացրել է իր գործառույթները, և հենց ոստիկանության աշխատակիցների գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել անցանկալի զարգացումներից: Ոստիկանությունը մեկ անգամ ևս փաստում է, որ պայքարում է երևույթների, այլ ոչ թե անձանց դեմ»,- Aysor.am-ի լրագրողին ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` անդրադառնալով երեկ` հուլիսի 8-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած դեպքերին:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողությունն ուղեկցվել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ:

Ոստիկանությունն արգելել է հավաքվածներին մոտենալ «Հարսնաքար» ռեստորանին, ինչից հետո մարդիկ, ի նշան բողոքի, փակել են Աճառյան փողոցը:

Կարմիրբերետավորներն ու վահաններով և մահակներով զինված ոստիկանները` Երևանի փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանի ցուցումով, ուժ են կիրառել, հրել և քաշքշել մարդկանց:

Նշվում է, որ «Հարսնաքար» ռեստորանում է եղել նաև «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, ով հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին` նրան գետին տապալելով:

Հավաքվածների երթը շարունակվել էր դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն:
 

«Հարսնաքարի» միջադեպը պարզաբանում է ոստիկանությունը