09/07/2012 12:15
Սենոր Հասրաթյանը հերքում է. «Մենք զոհեր ու վիրավորներ չունենք»
Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում դիվերսիոն գործողություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում հայ զինծառայող է զոհվել։
Aysor.am-ի լրագրողին ԼՂՀ ՊԲ լրատվական կենտրոնի ղեկավար Սենոր Հասրաթյանը տեղեկացրեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նման միջադեպ չի արձանագրվել։
«Տարածված լուրերը վերաբերում է Հայաստանի սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպին»,- նշեց Ս. Հասրաթյանը։
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած այն տեղեկատվությանը, թե փոխհրաձգության արդյունքում հայկական կողմը 1 զոհ և 4 վիրավոր է տվել ԼՂՀ ՊԲ լրատվական կենտրոնի ղեկավարն ասաց. «Մեր սահմանատվածում նման բան տեղի չի ունեցել։ Օրվա ընթացքում հակառակորդը պարբերաբար խախտել է զինադադարը և, անհրաժեշտության դեպքում, ԼՂՀ պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները դիմել են համապատասխան գործողությունների` համարժեք պատասխան են տվել ու հակառակորդի ակտիվությունը ճնշել են։ Մենք զոհեր ու վիրավորներ չունենք»։
Նշենք, որ Հայաստանի ՊՆ N զորամասի մարտական հենակետում (Տավուշի մարզ) հուլիսի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային 39-ամյա Լևոն Արտուշի Թամրազյանը: