.jpg)
«Թուրքիան և Ֆրանսիան մերձենալու փորձեր են կատարում»
«Վերջին երկու շաբաթների ընթացքում Թուրքիան և Ֆրանսիան մերձենալու շատ փորձեր են կատարում, և Օլանդը կարող է հետ կանգնել իր խոստումներից՝ անցել է նախընտրական շրջանը և կարելի է մոռանալ դրանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով թուրք-ֆրանսիական հարաբերությունների վերջին ակտիվացմանը` ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նա նշեց, որ ճիշտ չէ սպասել, որ այս շրջանում հնարավոր է Հայոց ցեղասպանության քրեականացման հարցի մուտքը Ֆրանսիայի խորհրդարան, հատկապես, որ վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ էր արտահայտվել Բունդեսթագում հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրիանգծի քննարկումներին:
Անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին` քաղաքագետը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների վերջին հայտարարությունները համահունչ են մինչ այժմ մշտապես հնչող հայտարարությունների հետ և ավելի խիստ են արտահայտվում, որ ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում:
Ըստ նրա, Ադրբեջանը, սակայն, շարունակելու է իր սադրանքները սահմանում և չի փոխելու իր այդ ձեռագիրը.«ՀՀ-ն և ԼՂՀ հրամանատարները նշում են, որ հայկական ուժերը միշտ պատրաստ են հակահարված տալ հակառակորդին և իրավիճակը վերահսկվում է»: