.jpg)
Դոլար-դրամ. Խուճապը տարակուսանք է առաջացնում
Այսօր լրագրողների հետ հանդիպեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Տնտեսագետը խոսեց դրամ-դոլար փոխազդեցությունից և նշեց, որ ոլորտում խուճապը տարակուսանք է առաջացնում:
Տնտեսագետն առաջիկա մեկ ամսում կանխատեսեց հակակշռող միտումներ` պայմանվորված տնտեսական աշխուժացմամբ` կապված գյուղատնտեսական աշխատանքներով, զբոսաշրջությամբ:
Տնտեսագետը նաև նշեց, որ ամռան ամիսները, բազմաթիվ մտահոգություններով հանդերձ, հիմք են տալիս ասելու, որ արտաքին ազդակները, որոնք բերում են դրամի արժեզրկման, չեն ունենա ազդեցություն տնտեսության առաջընթացի վրա` բացասական առումով:
Ըստ Թաթուլ Մանասերյանի, նախանշված էր 4-5 տոկոս տնտեսական աճ. «Անգամ կառավարության ծրագրում ֆիքսված 7 տոկոս աճը համեստ թիվ կլինի աշխուժացման ֆոնի վրա. հանքարդյունաբերության հենքի վրա արտահանման աճն աննախադեպ էր առաջին եռամսյակում, որը կշարունակվի»:
Շինարարության ոլորտի վրա դոլար-դրամ միտումները չեն անդրադառնա, կանխատեսումներով` առավելագույնը 3 տոկոս աճ, նախորդ տարիներին անկում է գրանցվել:
Արժեվորումը կամ արժեզրկումը սովորաբար բերում է գների տատանումների: Տնտեսագետի փոխանցմամբ, սպառողական գների ինդեքսը մոտ 500 ապրանքների դեպքում նկատվել է գնանկում` սեզոնային բնույթով պայմանվորված. գյուղմթերքների գնանկումն ազդում է ընդհանուր սպառողական գների վրա:
«Չպետք է շատ ոգևորվել, քանի որ չափավոր ինֆլյացիան դրական ազդեցություն ունի տնտեսության դինամիկ զարգացման վրա, և ընդունելի չէ նաև երկնիշ աճը, որը հարվածելու է սպառողի գրպանին»,-ասաց Թաթուլ Մանասերյանը: