Շինարարների փողոցում նոր ջրամիացումներ են տրվում
09/07/2012 18:26

Շինարարների փողոցում նոր ջրամիացումներ են տրվում

Աջափնյակի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում Շինարարների փողոցում «Երևան Ջուր» ՓԲԸ կողմից շարունակվում են ջրաշինարարական աշխատանքները: Կապալառու «Շինմաստեր» ՍՊԸ մասնագետներն արդեն իսկ Շինարարներից մինչև Արզումանյան ձգվող 300մմ տրամագծով վթարված խողովակի վրայի միացումները մասամբ տեղափոխել են հարևանությամբ անցնող մեկ այլ` 400մմ տրամագիծ ունեցող և տեխնիկապես բարվոք վիճակում գտնող ջրագծի վրա:

Դրա շնորհիվ, ընկերությունից հայտնում են, որ հարակից տարածքներում նվազել է ջրի կորուստը, կարգավորվել է ջրամատակարարումը և սպառողների մոտ ապահովվել համապատասխան ճնշում:

Հուլիսի 9-ին նշված աշխատանքները շարունակվում էին: Երեք վերակառուցվող դիտահորերում և մեկ բակային պոմպակայանում տեղադրվում էին փականներ, ճնշման կարգավորիչներ ու նոր միացումներ տրվում, որի հետ կապված և ժամը 10.00-24.00 դադարեցվել էր Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 42 և Հալաբյան փողոցի 35, 37, 39 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ինչ վերաբերում է Մայիսի 9-ի փողոցում կառուցվող նոր դիտահորերին, աղբյուրը տեղեկացնում է, որ շարունակվում է բարելավվել նաև Շենգավիթի ջրամատակարարումը: Վարչական շրջանի բաշխիչ ցանցի գոտիավորման ծրագրի շրջանակներում ընկերության կապալառու «Երջրմուղկոյուղշին» ՍՊԸ-ն Մայիսի 9-ի փողոցում՝ Գ.Նժդեհի փողոցից մինչև Արագածի փողոց, իրականացնում է շինարարական աշխատանքներ, որոնց շրջանակներում նախատեսվում է շահագործումից հանել 12 հին դիտահոր, փոխարենը կառուցել 15 նոր դիտահոր, ապամոնտաժել գործող 100-150մմ տրամագծով վթարված ջրագիծը, բաժանորդների ներքին ցանցի միացումները տեղափոխելով հարակից 400մմ տրամագծով ջրագծի վրա, ինչպես նաև նրանց ջրաչափական հանգույցները վերատեղադրել փողոցում հատուկ այդ նպատակով կառուցված դիտահորերում:
Աշխատանքներն իրականացվում են հնարավորինս արագ, սպառողներին պատճառվող անհանգստությունը հասցնելով նվազագույնի (մասնավորապես, հուլիսի 9-10-ի հայտարարված Գ.Նժդեհ, Մայիսի 9-ի, Մանթաշյան, Մանանդյան, Չեխով, Արագածի, Եղբայրության, Մուսայելյան, Մհեր Մկրտչյան, Պատկանյան, Օդեսայի, Ֆրունզեի, Եղ.Թադևոսյան, Արշակունյաց, Ղարիբջանյան, Բագրատունյաց, Արին-Բերդի և Շահամիրյանների փողոցների, Մասիսի փողոցի ու նրբանցքների, Եռանկյունի թաղամասի և հարակից տարածքների ջրազրկումն առաջինն է աշխատանքների ընթացքում), սակայն բաշխիչ ցանցի հնամաշ վիճակը և անկանոն միացումները որոշակի բարդություններ ու լրացուցիչ դժվարություններ են առաջացնում աշխատանքների ընթացքում: