10/07/2012 18:48
ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի կառավարության դեմ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր, հուլիսի 10-ին, Հայաստանի կառավարության դեմ հերթական վճիռն է կայացրել: Այս անգամ Եվրոդատարանը բավարարել է Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանի հայցը` ընդդեմ Հայաստանի կառավարության:
Եվրոդատարանը գտել է, որ Վահե Գրիգորյանի նկատմամբ կալանք կիրառելով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը (ազատության իրավունք) և նույն կոնվենցիայի 6-րդ մասը` «արդար դատավարություն»: Այնուհետև Եվրոպական դատարանը պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը վճռի` պաշտոնական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում հայցվորին` այս դեպքում Վահե Գրիգորյանին, որպես բարոյական փոխհատուցում տրամադրել 2. 500 եվրո գումար:
Հիշեցնենք` Վահե Գրիգորյանը Բուզանդի փողոցի (այժմյան` Հյուսիսային պողոտա) իրենց տներից վտարված բնակիչների փաստաբանն էր: 2005-ի հոկտեմբերի 7-ին նա ձերբակալվել էր խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, իսկ հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ կալանքն ընտրվել էր որպես խափանման միջոց: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Այնուհետև կալանքը երկարացվել էր ևս երկու ամսով: