.jpg)
Ա. Արծրունու դատավճիռը անփոփոխ է թողնվել. փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաննանփոփոխ թողեց Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դատավճիռը: Արծրունին կշարունակի մնալ կալանքի տակ, իսկ նրա նկատմամբ կայացրած 1996թ. դեկտեմբերի 10-ի թիվ 10 դատավճիռը կհամապատասխանեցվի Հայաստանի ներկայիս քրեական օրենսգրքի 222-ի առաջին մասի և 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին: Այս մասին Aysor.am թղթակցին հայտնեց Արծրունու պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Ռշտունին, ում խոսքերով, դատարանի այս որոշումը հակասահմանադրական է:
«Ես գտնում եմ, որ դա նույն արարքի, նույն հանցագործության համար երկրորդ անգամ դատապարտելու դեպք է: Իրավունք չուներ դատարանը երկու առանձին հանցագործություններ միացնել մեկ հոդվածի մեջ», - ասաց տիկին Ռշտունին: Նրա խոսքերով` իրենք պատրաստվում են որոշումը բողոքարկել Վերաքննիչ, ապա` Վճռաբեկ դատարաններում, իսկ սպառելով ներպետական ատյանները` դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ն. Ռշտունու խոսքերով` ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011թ փոփոխությունների հետևանքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացնելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է որակվեն 38 -104 հոդվածի 1-ին մասով 2 առանձին դրվագներով, հետևապես` մահապատիժը պետք է փոփոխվի 12 տարի ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996 թ թիվ 10 դատավճռով Արսեն Արայի Արծրունին դատապարտվել է 1961թ մարտի 7-ին ընդունված քրեական օրենսգրքի 72 հոդվածով, 17-100 հոդվածով, 17-99 հոդվածի 8-րդ կետով:
Արսեն Արծրունին դատապարտվել է քրեական օրենսգրքի
• 72 հոդվածով / 222 հոդված / – 12 տարի ժամանակով
• 17-100 հոդվածով /38 – 104 հոդվածի 1-ին մաս / – 12 տարի ժամանակով
• 17-99 հոդվածի 8-րդ կետով /38-104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ/ – մահապատժի:
23.05.2011թ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-143-Ն օրենքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել: Արսեն Արծրունին դիմեց դատարան դատավճիռը վերանայելու և գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու միջնորդությամբ:
Դեռևս 2006 թ օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի միջնորդության հիման վրա դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 72 հոդվածով, 17-100 հոդվածով և 17-99 հոդվածի 8-րդ կետով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ թիվ 10 դատավճիռը վերանայել է և որոշում է կայացրել այն 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին: 2011թ դատարան դիմելուց հետո պարզվեց, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի 2006թ օգոստոսի 8-ի որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ` Արծրունուն ավելացրեցին ևս մեկ հոդված երկու անձանց սպանություն, որը չկար դատավճռում:
Նշված որոշումը վերացնելուն հասնելը տևեց 6 ամիս` ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011թ դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշմամբ բեկանվել է ամբողջությամբ և գործը ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության:
2012 թ գործը քննվում է առաջին ատյանի դատարանում: Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011թ փոփոխությունների հետևանքով 104հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացնելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է որակվեն 38 – 104 հոդվածի 1-ին մասով 2 առանձին դրվագներով, հետևապես մահապատիժը պետք է փոփոխվի 12 տարի ազատազրկմամբ և Արծրունին ազատ արձակվի:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը միջնորդեց Արսեն Արծրունու դատավճիռով ապացուցված համարված հանցանքները որակել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածին և 38-104հ 2-րդ մասի 1-ին կետով, ինչը հնարավորություն կտա որպես պատիժ թողնել ցմահ ազատազրկումը: