.jpg)
Ո՞ւմ հետ կմիավորվի ՀՅԴ-ն
«Ո՞վ է լինելու ՀՅԴ թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում»։ Այս հարցին ի պատասխան, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս խնդրում իրենց համար կարևորը և առաջնահերթը սկզբունքներն են, որի հիման վրա պետք է ձևավորվի թեկնածուն։
«Ակնհայտ է, որ մեկ քաղաքական ուժից դուրս է մեր երկրում լուրջ փոփոխություններ առաջադրելը, և սա է պատճառներից մեկը, որ մենք ասում ենք. գաղափարի շուրջ համախմբումը կբերի նաև միասնական թեկնածուի ձևավորմանը։ Եթե մենք ի սկզբանե մերժենք գաղափարը, ապա խոսել միասնական թեկնածուի մասին, անիմաստ է»,- ասաց Ա. Մինասյանը։
Պատգամավորի խոսքով ՀՅԴ գաղափարները երկուսն են. այն թեկնածուն, ով հավակնում է դառնալ ՀՀ նախագահ, առաջիկա տարիների համար պետք է ստանձնի հստակ պարտավորություն, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնմամբ՝ անցում պետք է կատարվի խորհրդարանական կառավարման համակարգի։
«Այդ փոփոխությունների մեջ էական դերակատարություն պետք է ունենա նաև վարչատարածքային բաժանումը։ Բացի այդ, պետք է դրսևորի այնպիսի քաղաքական կամք, որ ընդդիմությանը վերապահի իշխանությունների հակակշռման և զսպման վերահսկողական լծակները ՏԻՄ մարմիններում։ Մեր պահանջը ոչ թե այն է, որ այդ մարմինները քաղաքականացվեն, այլ, որ տվյալ մարմնի տվյալ անդամը վստահություն վայելի ընդդիմադիր ուժերի կողմից։ Եթե այս երկու հիմնարար սկզբունքների հիման վրա լինի միասնական թեկնածու՝ ՀՅԴ-ն ելնելով կոնսոլիդացման աստիճանից, հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։