.jpg)
Մինաս Ավետիսյանի որդին դատարանում պարտվեց
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 11 ամիս լսվելուց հետո հուլիսի 10-ին ավարտվել է Արման Ավետիսյանն ընդդեմ Լևոն Բարսեղյանի` վիրավորանքի և զրպարտության գործով հայցի դատաքննությունը: Դատավոր Ա.Խաչատրյանի վճռով հայցը մերժվեց ամբողջությամբ: Այս մասին հայտնում են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ից:
Կազմակերպությունից հիշեցնում են, որ հայցվոր «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը, համարելով, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am կայքում եղած երեք հրապարակումները («Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», «Կան բաներ, որ չեն ներվում», «Ընտանեկան կապալի՞ն» էին հարվածելու») իրեն ուղղված վիրավորանքներ և զրպարտություններ են պարունակել, չբավարարվելով իր և կայքի խմբագիր, հրապարակումներից մեկի հեղինակ, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հետ հեռախոսային պայմանավորվածության հիման վրա կայքում պատասխանի հրապարակմամբ, 2011-ի օգոստոսին հայցով դիմել էր դատարան, պահանջելով 500.000 դրամ որպես հասցված վիրավորանքի համար փոխհատուցում, 1.500.000 դրամ որպես զրպարտության համար փոխհատուցում, և 200.000 դրամ որպես փաստաբանական ծառայության համար փոխհատուցում, ընդամենը` 2,2 մլն դրամ, ինչպես նաև` պատասխանողի կողմից «ներողության տեքստ»-ի հրապարակում:
Դատավարության ընթացքում կողմերը փորձեցին բանակցություններով հասնել հաշտության համաձայնության, ինչը չհաջողվեց:
Ըստ պատասխանող Լևոն Բարսեղանի, դատարանը ուներ հայցը մերժելու երեք անկախ հիմքեր. 1. Հայցային վաղեմության ժամկետի խախտումը; 2. Հայցվորի անունից պատասխանի հրապարակված լինելը կայքում; 3. Հրապարակումներում վիրավորանքի և զրպարտության բացակայությունը: Դատարանը, չծանրաբեռնելով իրեն, առանց մնացած հանգամանքները հաշվի առնելու, որոնք պատասխանողի ներկայացուցիչները լիարժեք կերպով ներկայացրել են (պատասխանը` 52 էջ, հոդվածագրի քննադատությունները հիմնավորող փաստական հանգամանքներն ապացուցող մեկ տասնյակից ավելի տեսագրություններ և ձայնագրություններ, վկայություններ և այլն), հենվելով միայն հայցային վաղեմության ժամկետի խախտման հանգամանքի վրա` հայցը մերժել էր ամբողջությամբ:
Դատաքննության ընթացքում հայցվոր Արման Ավետիսյանը, պատասխանելով Լ.Բարսեղյանի այն հարցին, թե համարո՞ւմ է, որ Գյումրուց որմնանկարները տանելիս խախտել է գյումրեցի արվեստագետների հետ պայմանավորվածությունն այն մասին, որ առանց իր հետ բանակցած գյումրեցիների համաձայնության կամ իմացության որմնանկարները չի տանի, ասաց, թե ընդունում է, որ խախտել է պայմանավորվածությունը:
ՀԿ-ից հայտնում են, որ դատաքննության ընթացքում արված մի շարք այլ բացահայտումների մասին կլինի առանձին հաղորդագրություն:
«Անկախ այն հանգամանքից, հայցվորը կբողոքարկի այս վճիռը վերաքննիչ դատարան, թե ոչ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ապասառեցնում է Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրուց տանելու պետական քաղաքականության, գործողությունների կասկածահարույց դրվագների, որմնանկարները վերականգնող հիմնադրամի գործառույթների, այդ գործառույթների հրապարակայնության, տարբեր որմնանկարների վերականգնման միավոր գների տարօրինակ տարբերությունների և այլ հանգամանքների հետաքննությունը, որը սառեցրել էր դատաքննության ընթացքում դատարանի և հայցվոր կողմի վրա ճնշում գործադրելու համար չմեղադրվելու համար: Այս գործով Լևոն Բարսեղյանի ներկայացուցիչներն են եղել Արտակ Զեյնալյանը և Վահե Գրիգորյանը»: