.jpg)
Ջերմոցային գազերի դեմ պայքար՝ առայժմ կարծիքների փոխանակմամբ
Հայաստանը ակտիվորեն ներգրավվել է կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կողմից 2015թ. ընդունվելիք նոր արձանագրության նախապատրաստման գործընթացում: Այս մասին տեղեկացնում է ՓԱՍՏԻՆՖՈ գործակալությունը:
Այդ փաստաթուղթը կկանոնակարգի մինչև 2020 թվականը մարդկության առջև կանգնած բնապահպանական ամենատարբեր հիմնախնդիրների կարգավորման աշխատանքները և ուղեցույց կհանդիսանա համապատասխան ծրագրեր մշակելու համար: Գործընթացը մեկնարկային փուլում է և դեռ չկան անհրաժեշտ ուղեցույցեր, ֆինանսական մեխանիզմներ, սակայն արդեն ընթանում են գաղափարների, կարծիքների ու մտքերի ակտիվ փոխանակություն և քննարկումներ՝ ազգային մակարդակում ծրագրեր մշակելու և իրագործելու համար:
Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասաց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:
Այս գործընթացում որպես Հայաստանի ակտիվ ներգրավվածության փաստարկ նա նշեց այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխության վրա ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թեմայով առայժմ կայացել է երկու միջազգային համաժողով, որոնցից առաջինը Աֆրիկայում, իսկ երկրորդը՝ 2012 թ. հուլիսի 2-4-ին Հայաստանում:
Նշենք, որ այսպիսի արտանետումների մասին աշխարհի երկրների միջև թեմատիկ քննարկումները սկսվել են 2007 թվականին: Իսկ 2011 թ-ին, ի վերջո, գործընթացի մեջ ներգրավված պետությունները հանգեցին մեկ ընդհանուր համաձայնության, որի հիման վրա էլ կկազմվի համապատասխան արձանագրություն և բոլոր երկրների համար կսահմանվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման իրավական ուժ ունեցող պարտավորությունները: