.jpg)
Այսուհետ կարելի է ամուսնանալ միայն 18-ից հետո
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նիստին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում էր կանանց և տղամարդկանց ամուսնության տարիքը հավասարեցնելուն:
Նախարարը նշեց, որ այսօր գործող օրենսդրությամբ կնոջ և տղամարդու ամուսնության տարիքային տարբերություններ կան, տղամարդիկ 18 և կանայք 17 տարեկանում իրավունք ունեն ամուսնանալ, որը միջազգային կազմակեպությունների աչքում գենդերական տարբերության նշան է և առաջարկվում է հավասարեցնել ամուսնության տարիքը. ընտրվել է 18-ը:
Միջազգային պրակտիկան, նախարարի փոխանցմամբ, վկայում է նաև, որ 18-ը նախընտրելի է, և նաև կա երկրորդ գործոնը, քանի որ Հայաստանի կառավարության գործունեության ծրագրով հանրակրթական կրթությունը պարտադիր է 6 տարեկանից և երեխան դպրոցը ավարտելու է 18-ում, նախընտրել են այս տարիքը, որը նաև ունի առողջապահական նշանակություն:
«Վաղ տարիքում կանանց ամուսնությունը, հղիությունը առողջապահական մի շարք խնդիրներ է առաջանցում»,- ասաց Հրայր Թովմասյանը և հավելեց, որ վերջին տարիներին կանանց ամուսնության տարիքը բարձրացել է:
Նախարարն առաջարկեց նախագծին հավանություն տալ և ուղարկել Ազգային ժողով:
Կառավարությունը հավանություն տվեց գենդերային հավասարության նախագծին:
Նշենք նաև, որ այսօր կառավարության հերթական նիստին ներկա էին նաև «Արի տուն» Սփյուռքի նախարարության ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ: