«Սուխուդյանը Հայաստանի դեմ» գործը գրանցման համար է ստացել
12/07/2012 18:14

«Սուխուդյանը Հայաստանի դեմ» գործը գրանցման համար է ստացել

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 6 ամիս առաջ ուղարկված «Սուխուդյանը Հայաստանի դեմ» գործին գրանցման համար է շնորհվել:

Դիմումատուի ներկայացուցչի փոխանցմամբ` 2009 թ. փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ օգոստոսի 8-ին էլ քրեական օրենսգրքի «Սուտ մատնություն» հոդվածով մեղադրյալ էր ներգրավվել բնապահպան շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով իրեն մեղավոր չէր ճանաչել այս գործում:

ԵԴ դիմումում, փաստաբանի փոխանցմամբ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը 2009 թ. օգոստոսի 21-ի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Մ. Սուխուդյանին առաջադրված մեղադրանքին, ասել է, որ նա «անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց, անչափահասներին դրդել պատժելի արարքների»: Հիշեցնենք, որ խոսքը Նուբարաշենի հատուկ դպրոցում բացահայտված մանկապղծության դեպքերի վերաբերյալ հայտարարությունների մասին էր:

Իսկ ոստիկանության ՏՎ նախկին պատասխանատու Սայաթ Շիրինյանն էլ «Տարեգիր» թերթում ասել է, որ հակափաստարկները կլսեք դատարանում. «Մենք պարզաբանում տվել ենք, նախաքննության մարմինը մեզ բավականին ծավալուն տեղեկանք տվել է, հիմա ինչ հիմքով պիտի դադարեցնենք հետապնդումը»:

Ըստ դիմումատուի` ՀՀ ոստիկանապետն ու նրա մամուլի պատասխանատուն  խախտել են  անմեղության կանխավարկածը, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դիմումատուի իրավունքը:

Դիմումատուն եվրոպական դատարանից խնդրել է բեկանել հայաստանյան ստորադաս դատարանների որոշումները, ի խախտումն անմեղության կանխավարկածի՝ հատուցել բարոյական վնասը՝ հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ:

«Սուխուդյանը Հայաստանի դեմ» գործը գրանցման համար է ստացել