.jpg)
«ԼՂՀ ընտրությունները տեղի են ունենում պլյուրալիզմի պայմաններում»
«Հուլիսի 19-ին Ղարաբաղում կկայանան նախագահական ընտրություններ, ինչը քաղաքական գործընթացի արդեն սովորական դարձած մի մասն է և այն որոշակի հաշվետվություն է հասարակության առջև»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին և տարածաշրջանային զարգացումներին` ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«ԼՂՀ-ում ընտրությունները տեղի են ունենում քաղաքական պլյուրալիզմի պայմաններում և ԼՂՀ-ի ընդդիմության համար հնարավորություն է ստեղծվում գտնել իր տեղը քաղաքական դաշտում»,-ասաց քաղաքագետըև հավելեց, որ ԼՂՀ-ում կարևոր է հենց ընտրությունների երևույթը, այլ ոչ թե կոնկրետ թեկնածուների մրցակցությունը:
Ըստ քաղաքագետի, ղարաբաղյան ընտրություններում գոյություն ունի մրցակցային պայքար և այդ պայքարը տանում է դեպի հասարակության կոնսոլիդացիա՝ համախմբում համազգային նպատակների շուրջ:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր հերթին նշեց, որ այս ընտրությունները համընկնում են տարածաշրջանային զարգացումների հետ. «ԼՂՀ-ն տարածաշրջանում դե-ֆակտո գործոն է դառնում ուժային կենտրոնների համար և մեծ տերությունները պետք է հաշվի նստեն այդ գործոնի հետ»:
Բանախոսն ընդգծեց նաև, որ ղարաբաղյան ընտրությունները հոգեբանական և այլ տեսակի ճնշումներ են գործադրում մեր հակառակորդների վրա: