ԱԳ նախարար. Ադրբեջանը չի համաձայնում դիպուկահարներին դուրս բերել
12/07/2012 13:06

ԱԳ նախարար. Ադրբեջանը չի համաձայնում դիպուկահարներին դուրս բերել

Քիչ առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ավարտվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի համատեղ ասուլիսը: Կողմերը նախ ողջունեցին միմյանց, ապա նշեցին, որ համատեղ քննարկվել են բազմաթիվ հարցեր` սկսած տնտեսականինց մինչև քաղաքական:

Խոսելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին` ԱԳ նախախարը նշեց, որ ադրբեջանական ղեկավարությունից անընդհատ լսվում է, որ իրենք ոչ մի զիջում չեն անելու:

«Եռանախագահներն առաջարկում են հարցի լուծման համար մեխանիզմներ ստեղծել, դիպուկահարներին դուրս բերել, հրադադարի ռեժիմն ամրապնդել, որպեսզի պայմաններ ստեղծվի հիմնախնդրի կարգավորման համար, սակայն ադրբեջանցիները, ինչպես և նախկինում, ասում են, թե դրանց կարիքը չկա: Սակայն բանակցություններին այլընտրանք չկա, և Հայաստանը շարունակելու է բանակցությունները, շարունակելու է ջանքերը` ուղղված հիմնախնդրի շուտափույթ կարգավորմանը»,- համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Է.Նալբանդյանը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լ.Զանիերն էլ իր խոսքում կարևորեց հրադադարի խիստ պահպանումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանում և շփման գծում` որպես Լեռանային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն  հասնելու նախապայման:

Գլխավոր քարտուղարը նկատեց, որ ԵԱՀԿ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից խթանվող գործընթացին. «Կա ակնհայտ անհրաժեշտություն` անհապաղ իրականացնելու միջոցառումներ, որոնք կկայունացնեն մտահոգիչ իրավիճակը և կկանխեն կյանքերի հետագա կորուստը, որն անընդունելի է»,- ասաց դիվանագետը:

Լամբերտո Զանիերն ԱԳ նախարարի հետ համաձայնեց, որ հարցի կարգավորման միակ ուղին բանակցություններն են: Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ինքը կարևորել է հարցի խաղաղ, քաղաքական լուծումը:
 

ԱԳ նախարար. Ադրբեջանը չի համաձայնում դիպուկահարներին դուրս բերել